12 րոպեի ընթերցում
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը տոնում է հիմնադրման 107-ամյակը:
Դարով հարստացած իր կենսագրության մեջ գործակալությունը լուրջ կապիտալ է կուտակել՝ ամենամեծ լրատվական բազաների ու վիզուալ արխիվների կողքին նաև վստահություն, ընթերցողների կայուն ու ինտելեկտուալ համայնք, նյուզմեյքերների-խոսնակների հավատարիմ ու հավակնոտ բանակ, գործընկերների ընդլայնվող շղթա, ավանդույթներ ու ինովացիա, իրենց կենսագրությունն ընդմիշտ գործակալության հետ կապած աշխատակիցների ամուր ցանց, որոնք ուր էլ լինեն, իրենց «Արմենպրես» լրատվական ընտանիքի անդամ են համարում:
Գործակալության յուրաքանչյուր աշխատակից «արմենպրեսականի» անունը պատվով է կրում. նոր սերունդը դա տեսել է ավագների մոտ, դրանով է առաջնորդվում ու վստահաբար նաև գալիք սերունդներին է հպարտության այդ զգացումն ավանդելու:
Իսկ դրա համար ավանդույթները հարգելով ժամանակին համընթաց քայլել է պետք:
Ժամանակակից մեդիաների առջև լուրջ մարտահրավերներ են կանգնած: Դրանց գիտակցումը և ամենօրյա աշխատանքով հաղթահարման պատրաստակամությունը, լուրջ հիմքեր են ստեղծում՝ ոչ միայն փոփոխվող միջավայրում կայուն մնալու, այլև նոր չափանիշներ սահմանելու համար։ Պետական լրատվական գործակալությունը պարզապես տեղեկատվություն տարածող չէ։ Այն բազմալեզու և միջազգային ինստիտուտ է, որը միաժամանակ կրում է հանրային պատասխանատվություն և պատմական հիշողության պահպանման առաքելություն։
Մենք չենք ձգտում մրցել արագության անզիջում չափանիշներով, երբ դրանք վտանգում են ճշգրտությունը։ Մենք չենք ընտրում աղմուկը՝ երբ լռությունը կամ ճշգրիտ ձևակերպումը ավելի արժեքավոր է հանրային շահի համար։ Մեր առաջնահերթությունը մնում է նույնը՝ լուրը պետք է օգնի հասարակությանը ոչ միայն իմանալ, այլև՝ հասկանալ։
Վստահության ճարտարապետություն
Վստահությունը չի ստեղծվում մեկ լուրով կամ մեկ հաջող հրապարակմամբ։ «Արմենպրես»-ի դեպքում այն դարի պատմություն ունի՝ հարյուրավոր ճիշտ որոշումների, խմբագրական զսպվածության և պատասխանատվության շնորհիվ։
Վերջին տարիներին «Արմենպրես»-ի խմբագրական քաղաքականության հիմքում դրվել է վստահության կառավարման գիտակցված մոտեցումը։ Ի՞նչ է սա նշանակում․ հստակ տարբերակել փաստը մեկնաբանությունից, հավասարակշռված մոտեցում ցուցաբերել բարդ և զգայուն թեմաների լուսաբանման հարցում, բաց լինել սխալների ճանաչման և ուղղման գործում, մերժել տեղեկատվական մանիպուլյացիայի ցանկացած ձև։
Այս մոտեցումը երբեմն պահանջում է դիմադրել արագ արձագանքի հարցում հանրության ճնշմանը, երբ պահանջը մեծ է, իսկ տեղեկությունը դեռ ամբողջական չէ։ Սակայն հենց այս պահերին է հաստատվում մեդիայի իրական արժեքը։
«Արմենպրես»-ը՝ որպես ինստիտուցիոնալ հիշողություն
Աշխարհի շատ երկրներում լրատվական գործակալությունները վաղուց դարձել են ոչ միայն մեդիա կազմակերպություններ, այլև ինստիտուցիոնալ հիշողության կրողներ։ «Արմենպրես»-ը նույնպես այս դերակատարությունն է ամրապնդում։
Մեր արխիվներում պահվող նյութերը միայն անցյալի վավերագրեր չեն։ Դրանք ապագայի հարցերի պատասխաններն են։ Քաղաքական որոշումներ, սոցիալական շարժումներ, մշակութային միջոցառումներ․ տարիներ անց դրանք կվերլուծվեն հենց այս փաստերի հիման վրա, ինչպես դա արվում է այժմ՝ 30, 50, 70 տարվա վաղեմության դեպքերի առնչությամբ։
Հետևաբար, մեր յուրաքանչյուր հրապարակում մենք դիտարկում ենք ոչ միայն այսօրվա ընթերցողի, այլև վաղվա հետազոտողի, պատմաբանի, ուսանողի աչքերով։ Սա է պատճառը, որ փաստերի ճշգրտությունը մեզ համար ունի ոչ միայն լրագրողական, այլև պատմագիտական արժեք։
Մեդիա ինքնիշխանություն` փոքր պետության համար
Փոքր պետությունների համար մեդիա ինքնիշխանությունը նույնքան կարևոր է, որքան տեղեկատվական անվտանգությունը։ Երբ երկրի մասին պատմությունը գրվում է դրսից, այն կորցնում է ներքին համատեքստը և տրամաբանությունը։
«Արմենպրես»-ը գործում է իր երկիրն աշխարհին կամրջելու առաքելության գիտակցությամբ՝ որպես հայկական օրակարգը ներկայացնող վստահելի աղբյուր միջազգային մեդիա դաշտում։ Մեր միջազգային գործընկերների հետ աշխատանքը նպատակ ունի ոչ թե պարզապես տեղեկատվություն արտահանել, այլ ապահովել Հայաստանի վերաբերյալ հավաստի, բազմաշերտ և համատեքստային պատմություն։
Այս առաքելությունն առավել կարևոր է դառնում ճգնաժամային պահերին, երբ տեղեկատվական հոսքերը արագ են, հակասական և հաճախ՝ մանիպուլյատիվ։ Այդ պահերին պետական գործակալության զսպվածությունը և փաստահեն մոտեցումը դառնում են ռազմավարական արժեք։
Մարդկային գործոնը թվային դարում
Թեև տեխնոլոգիաները փոխում են լրագրության գործիքները, մարդկային գործոնը շարունակում է մնալ անփոխարինելի։ Ոչ մի ալգորիթմ կամ արհեստական բանականություն չի կարող ամբողջությամբ փոխարինել լրագրողի դաշտային աշխատանքին, խմբագրի ինտուիցիային, թարգմանչի վերլուծելու կարողությանը կամ լուսանկարչի, օպերատորի՝ աչքին, պահի ընտրությանը։
«Արմենպրես»-ի համար տեխնոլոգիան միշտ գործիք է, ոչ նպատակ։ Մենք ներդնում ենք թվային լուծումներ՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, կրկնվող գործընթացները նվազեցնելու, տվյալների կառավարման որակը բարելավելու համար, բայց երբեք չենք հրաժարվում մարդկային դատողությունից՝ որպես վերջին և վճռորոշ օղակ։
Հոբելյանը որպես մեկնարկ
107 տարին մեզ տալիս է փորձ, բայց չի ազատում պատասխանատվությունից։ Ընդհակառակը՝ յուրաքանչյուր նոր տարեթիվ ավելացնում է մեր պարտավորությունը պատմության առաջ։
Այս հոբելյանը մենք ընկալում ենք ոչ թե որպես ամփոփում, այլ որպես մեկնարկային կետ՝ հաջորդ շրջանի համար։ Շրջան, որտեղ պետական լրատվական գործակալությունը պետք է լինի ավելի ճկուն, ավելի բաց, ավելի տեխնոլոգիական և միևնույն ժամանակ՝ ավելի հավատարիմ իր հիմնարար արժեքներին։
«Արմենպրես»-ի պատմությունը երբեք չի ավարտվում։ Այն ամեն օր վերագրվում է՝ յուրաքանչյուր հրապարակմամբ, յուրաքանչյուր լուսանկարով, յուրաքանչյուր խմբագրական որոշմամբ։
107 տարի անց մենք շարունակում ենք անել նույնը, ինչ սկզբում՝ արձանագրել իրականությունը, ծառայել հանրային շահին և պահպանել հիշողությունը։ Մնացածը գրում է ժամանակը։
Իսկ փաստերը խոսուն են
Հայաստանի հեռագրական գործակալությունը հիմնադրվել է 1918թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Ազգային խորհրդի նիստում: Հիմնման վերաբերյալ առաջին օրենքի ընդունմամբ երկրի բոլոր պետական ու հասարակական հիմնարկները պարտավորվել են տեղեկություններ տալ գործակալությանը, ընդ որում` արգելվել է նախքան դրանք գործակալությանը հաղորդելը տալ մասնավոր անձանց կամ հաստատություններին, ինչպես նաեւ գործակալության հեռագրերի արտատպումն այլ հրատարակություններում` բաժանորդ թերթերում դրանց հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում: Հայհեռագործի առաջին պաշտոնական հեռագրային ժապավենը, ինչպես եւ նախօրոք ծանուցվել է բաժանորդներին, թողարկվել է 1919թ. հունվարի 15-ին. այն ընդգրկել է 22 կարճ լուր: «Հայհեռագործ-Արմենտա-Արմենպրես». անվանումների այսպիսի ընթացք է ունեցել, բայց ինչպես էլ կոչվել է, եղել է հավատարիմ իր առաքելությանը:
«Արմենպրես»-ը ներկայում լուրեր է հրապարակում 10 լեզվով․ հայերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն, իսպաներեն, վրացերեն, պարսկերեն, չինարեն։
Թողարկում է ոչ միայն տեքստային արտադրանք, լուսանկարներ, այլև՝ որակյալ վիդեո արտադրանք, աուդիո-փոդքասթներ, ունի կայուն գործող և մշտապես ձեռքը իրադարձությունների զարկերակի վրա պահող մամուլի սրահ, ասուլիսների և ուղիղ հեռարձակումների ձևաչափ։
«Արմենպրես»-ը 2025 թվականի ընթացքում շարունակել է աշխատանքները գործընկերային ցանցի ընդլայնման ուղղությամբ։ Անցնող տարվա ընթացքում լուրերի փոխանակման համաձայնագրեր են կնքվել Մոլդովայի Moldpres, Լեհաստանի PAP, Ղազախստանի Khabar գործակալությունների, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) և դրան պատկանող CCTV+ վիդեո գործակալության հետ։ 2025 թվականի սեպտեմբերին Պեկինում վերաթարմացվել է 2009 թվականին կնքված համաձայնագիրը չինական խոշորագույն Xinhua լրատվական գործակալության հետ․ ստորագրվել է լուրերի ու լուսանկարների փոխանակման նոր համաձայնագիր։ Հուլիսին գործակալությունը միացել է Global South Media Partners հարթակին, որի նպատակն աշխարհի տարբեր լրատվամիջոցների միջև լուրերի փոխանակումն է։ Այսպիսով, «Արմենպրես»-ը լուրերի փոխանակման համաձայնագրեր ունի աշխարհի 41 լրատվամիջոցի և մեդիա կազմակերպության հետ։
«Արմենպրես»-ը ներկայացված է սոցցանցային գրեթե բոլոր հարթակներում՝ «Ֆեյսբուք», X, TikTok, YouTube, «Ինստագրամ», «Տելեգրամ»՝ տարբեր լեզուների համար ապահովելով սպեցիֆիկ բովանդակություն։
«Արմենպրես»-ի ֆեյսբուքի հայալեզու էջը, որն ունի մոտ 229 000 հետևորդ, մեկ տարվա ընթացքում (2024թ․ դեկտեմբերից 2025 թ․ դեկտեմբեր) գրանցել է շուրջ 63 միլիոն դիտում։ Միջինում ամսական կտրվածքով էջն ունի 5-6 միլիոն դիտում: Ընթացիկ տարում էջին միացել է 9700 նոր հետևորդ (աճը՝ օրգանական):
Google Analytics-ի տվյալներով՝ գործակալության կայքի այս տարվա 11 ամիսների 3,5 միլիոն ակտիվ այցելուների (user) աշխարհագրությունը ներկայացնում են հետևյալ 10 երկրները՝ Հայաստան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Գերմանիա, Չինաստան, Ղազախստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Ադրբեջան և Շվեդիա։ Ակտիվ այցելուների այս տարվա 11 ամիսների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,7 տոկոսով։ Իսկ կայքի ավելի քան 18 միլիոն դիտումները թռիչքաձև աճ են արձանագրել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կայքի արդիականացման և շարունակական ու գրագետ SEO աշխատանքի, լսարանին համապատասխան բովանդակության ապահովման և կառուցվածքային բարելավումների շնորհիվ։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ս
Էմոցիոնալ տեքստերից և թվերից այն կողմ մարդիկ են՝ նվիրված, անխոնջ, հպարտ, նպատակասլաց ու պրոֆեսիոնալ․ այսօր նրանց բոլորի և յուրաքանչյուրի տոնն է։
«Արմենպրես»-ը 107 տարեկան է, իսկ պատմությունը դեռ նոր է սկսվում։
