Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին դադարեցնել որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին դադարեցնել որևէ տեսակի 
ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

«Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկիր, որը Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Վալադաոն:  Նա ընդգծել է, որ եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենքով արգելի Ալիևի ռեժիմին որևէ տեսակի զենքի կամ աջակցության ցուցաբերումը:

Կոնգրեսականների նամակում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնող դերակատարում ունենալ տարածաշրջանում, հարձակում է գործում հայերի դեմ՝ նրանց իսկ հայրենիքում, ինչպես նաև տապալում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական կամ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին»,- նշվում է նամակի եզրափակիչ հատվածում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]