1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռոբերտ Քոչարյանի արարքը պետք է որակվի ՔՕ 309 հոդվածի 3-րդ մասով. դատախազ

Ռոբերտ Քոչարյանի արարքը պետք է որակվի ՔՕ 309 հոդվածի 3-րդ մասով. դատախազ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների արարքը պետք է որակվի Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

«Քրեական օրենսգրքում հանցակազմեր կան նախատեսված, որոնք ընդհանուր և հատուկ են, մեկը մյուսի մեջ կլանում են, երբ հատուկ նորմն իր մեջ կլանում է ընդհանուր նորմը: Երբ կա հատուկ նորմ, արարքը չես կարող որակել ընդհանուր նորմով, երբ կա հատուկ հանցակազմ, չես կարող արարքը որակել ընդհանուր հանցակազմով, այլ պետք է որակես հատուկ հանցակազմով: Նման հարաբերակցություն ունեն քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասը և 300.1-րդ հոդվածը, որով որակված էր չորս ամբաստանյալների արարքը: Քանի որ հատուկ նորմը վերացվելուց հետո առաջանում է արարքի վերաորակավորման հարց, իսկ արարքի վերաորակավորման հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը չեն տալիս, արգելափակում են վարույթը, գլխավոր դատախազը դիմել է ՍԴ՝ մեր կողմից կիրառման ենթակա նորմերի սահմանադրականությունը որոշելու համար, և մենք միջնորդությանը պատասխանելիս դատարանին ներկայացրել ենք հիմնավորումներ, թե ինչու դատարանը հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է դիմի ՍԴ, և պարզվի նման իրավիճակում հետապնդում դադարեցնել պարտավորեցնող նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»,- նշեց Բաղդասարյանը:

Ըստ դատախազի` երբ անձի արարքում այդուհանդերձ կա հանցագործություն, և դա ձևական պահանջի պատճառով դադարեցվում է հետապնդումը, ստացվում է՝ կար հանցագործություն, կար հանցագործությունից տուժած անձ, և անձը պատասխանատվության չենթարկվեց:

«Իսկ միջազգային իրավական փաստաթղթերն ու Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներն արձանագրում են, որ դա խախտում է տուժողի իրավունքը»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Ըստ դատախազի՝ ամբաստանյալների արարքը 300.1-րդ հոդվածով է որակվել հատուկ և ընդհանուր նորմերի մրցակցությամբ պայմանավորված: «Այն ժամանակ արարքը չէր կարող որակվել 309-րդ հոդվածով, քանի որ կար 300.1-րդ հոդվածը: Չկա հիմա 300.1-րդ հոդվածը, այդ արարքը պետք է որակվի 309-րդ հոդվածով: Մեխանիզմի խնդիր կա, և մեխանիզմի խնդիրն էլ բարձրացվում է ՍԴ-ում: Դատարանին էլ առաջարկում ենք, որ ինքն էլ հարցը բարձրացնի, որ մեխանիզմի բացակայության պատճառով տուժողների իրավունքները չխախտվեն»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հենց այդ հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]