«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը գործադիրին փոխանցեց իր պահանջները
1 րոպեի ընթերցում
![«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը գործադիրին փոխանցեց իր պահանջները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1042619.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամները կառավարությանը փոխանցեցին իրենց պահանջները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հանրապետության հրապարակում շարժման կազմակերպած երթի ավարտին ասաց կազմկոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
«Մենք` այսօրվա ակցիայի մասնակիցներս, եկանք այստեղ, որպեսզի կառավարության շենքում գտնվող մարդկանց ասենք մեր շարժման ստեղծման մասին ու փոխանցենք մեր պահանջները»,- ասաց Բաբուխանյանը:
Կազմկոմիտեի անդամը նշեց, որ իրենք պահանջում են հայ-ռուսական հարաբերությունների լավացում, հայրենիքի պաշտպանության և անվտանգության մակարդակի բարձրացում:
«Այսքանով մեր երթը համարենք ավարտված, հետագայում հանդիպումներ կլինեն նաև մարզերում և Երևանում: Նաև հանրահավաք կկազմակերպվի շատ շուտով, որի մասին կտեղեկացնենք»,- նշեց նա:
Փետրվարի 6-ին տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր ժողովը, որից հետո շարժման անդամները երթ են իրականացրել դեպի կառավարության շենք: