Ալժիրը պատրաստվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի 500 հազար չափաբաժին ստանալ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրի իշխանությունները հունվարին կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մոտավորապես 500 հազար չափաբաժնի են սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կորոնավիրուսի հարցերով զբաղվող կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ջամալ Ֆուրարը:
«Մենք կսկսենք բնակչությանը պատվաստել պատվաստանյութի առաջին խմբաքանակն ստանալուց անմիջապես հետո»,-Ֆուրարը հայտարարել Է Ալժիրի Chaine 2 ռադիոկայանով:
Այժմ երկրում պատրաստել են մոտավորապես 8 հազար ներարկման կետեր, դրանց թիվը կարող Է ավելանալ, հայտնել Է պաշտոնյան:
Ֆուրարն ընդգծել Է, որ Ալժիրի կողմից ընտրված պատրաստուկներն «անվտանգ են եւ արդյունավետ»: Նրա խոսքով՝ իշխանությունները պլանավորում են պատվաստել բնակչության մինչեւ 60-70 տոկոսին՝ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար:
Երեխաները պատվաստում չեն ստանա: Նաեւ իշխանությունները շարունակում են բանակցությունները Չինաստանում պատվաստանյութերի արտադրողների հետ, նշել Է Ֆուրարը:
Ալժիրը 2020 թվականի դեկտեմբերի 10-ին դարձել Է աֆրիկյան առաջին երկիրը, որը գրանցել Է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այդ պետության առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Ալժիրում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել Է 103 հազարը, ներառյալ շուրջ 70 հազար ապաքինման դեպքերը եւ մահվան 2836 դեպքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում