Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը՝ ԼՂ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազ Շեկարչին:
Նա մատնանշել է հակամարտության գոտուց Իրանի տարածք արկերի ընկնելը՝ կողմերին խորհուրդ տալով՝ չանցնել Իրանի կարմիր գծերը և իրենց խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով, այլապես՝ Իրանը չի հանդուրժի:
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի հրետանու 5 արկեր հայտնվել են Իրանի տարածքում, որից 2-ը՝ բնակելի տան վրա։ Վիրավորվել է 6 տարեկան երեխա: Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում