Կամերային երաժշտության տունը համալրվել է կլավինովա երաժշտական գործիքով
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է Yamaha մակնիշի կլավինովա գործիքով, որն իր տեսակի մեջ լավագույններից է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կենտրոնը երաժշտական գործիքը ստացել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով:
«Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ հայ-ճապոնական համատեղ այս համագործակցությանը մեծապես օժանդակելու համար: Լինելով նաև երաժիշտ՝ դեսպանն առանձնահատուկ վերաբերմունք ունի ԿԵԱԿ-ի նկատմամբ, և այդ վերաբերմունքն իր արտահայտությունը գտավ համաձայնագրի կնքման գործընթացում»,-նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:
Մինչև տարեվերջ ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում