Քաղաքականություն

Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk հաղորդման եթերում անդրադարձել է Ռուսաստանի, Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ նշված երկրներից բոլորի հետ Հայաստանն ունի տարբեր մակարդակների, բայց շատ լավ հարաբերություններ:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է անվտանգության առումով, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք. միություն, որն ունի բացառապես տնտեսական ուղղվածություն։ Եվ մենք ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ։ Եվ, ի դեպ, Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է բարեփոխումների օրակարգի իրականացման ճանապարհին։ Մենք բավականին արդյունավետ կերպով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին Աֆղանստանում, Լիբանանում, Կոսովոյում և Մալիում։ Բացի այդ, մենք արդյունավետ կերպով համագործակցում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ռազմավարական գործընկերությունը նշանակում է երկարաժամկետ համագործակցություն, սակայն Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, նույնքան լավ հարաբերություններ՝ Միացյալ Նահանգների հետ։

«Մենք խնդիրներ չունենք` կապված Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների հետ։ Եվ մենք ամեն ինչ անում ենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ մեր ներկայիս լավ հարաբերությունները պահպանելու համար»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած միջազգային պարտավորություններին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում