Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է. Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ- ում. ՄԱՍ 1

Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է. Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-
ում. ՄԱՍ 1

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ նախատեսված է Սահմանադրական դատարանի մի մոդել, որը միջազգային փորձագետների կողմից լայնորեն գնահատվել է որպես հավասարակշռված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 6-ին Ազգային ժողովի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այդ մոդելի էությունը հետեւյալն է. Սահմանադրական դատարանի երեքական դատավորների թեկնածուներ առաջադրում են Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը, ընտրությունը կատարում է Ազգային ժողովը եւ Սահմանադրական դատարանը դառնում է իշխանության երեք թեւերի միջեւ բալանսավորման վերին ատյան: 

«Ընդ որում, նոր Սահմանադրության նոր կարգավորումներն ունեն երկու կարեւորագույն նրբություն: Ի տարբերություն նախկինի, գործող Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ մպաշտոնավարության ընթացքում, կուսակցության անդամ չեն կարող լինել նաեւ դատավորները եւ եթե հաշվի առնենք, որ Ազգային ժողովի նախագահն էլ զրկվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու լիազորությունից կամ չունի այդպիսի լիազորություն, կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանի կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող սահմանադրությամբ հնարավորինս մեղմված են»,- նկատեց վարչապետը:

 Փաշինյանի խոսքով՝ մեղմված են նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից դատարանում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ, ի տարբերություն նախկինի, Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում է ոչ թե ցմահ, այլ վեց տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի դա, ի տարբերություն նախկինի, Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների եւ ոչ թե Ազգային ժողովի կողմից: 

«Բացի այդ, վերացված է նաեւ այն աննորմալ պրակտիկան, երբ նույն մարդն ասենք 35 տարի, կարող է լինել Սահմանադրական դատարանի անդամ: Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետեւ, երբ որեւէ նախագահ կամ վարչապետ 30-35  տարի մնում է այդ պաշտոնում, մենք դա համարում ենք մենիշխանություն, բռնատիրություն, բայց բնական ենք համարում, երբ նույն մարդը 35 տարի լինի Սահմանադրական դատարանի անդամ կամ Սահմանադրական դատարանի նախագահ: Նոր սահմանադրությամբ ահա, Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարի: Ընդ որում, նույն մարդը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ»,- ասաց վարչապետը: 

Փաշինյանը նկատեց՝ ահա այսպիսի Սահմանադրական դատարան է նկարագրված մեր հենց այս պահին գործող Սահմանադրության մեջ: Եւ այս մոդելը՝ նաեւ միջազգային փորձագետների քաջալերմամբ եւ աջակցությամբ, ներդրվել է Երրորդ հանրապետության պատմության մեջ արձանագրված սահմանադրական պրոբլեմների հաշվառման եւ վերլուծության արդյունքում, որովհետեւ դե ֆակտո եւ դե յուրե Սահմանադրական դատարանը Երրորդ Հանրապետությունում դարձել է տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար: 

«1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում Սահմանադրական դատարանը դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը: Որովհետեւ Սահմանադրական դատարանը ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրել է, որ ինքը, այսինքն քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը: Հետո Սահմանադրական դատարանի անդամներն ու նախագահը գրքեր են գրել իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության մասին, կարդացել դասախոսություններ, պաշտպանել են դոկտորական թեզեր: 

Բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի. բա քվեաթերթիկների լցոնումները, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակաշառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաեթերի տոտալ վերահսկումը: 

Ահա ուրեմն, այս դաժան եւ անպատասխան հարցերի ծանր բեռը անցյալում թողնելու, մեր երկրի Սահմանադրական իրավունքի եւ Սահմանադրական դատարանի պատմության նոր էջ բացելու համար նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված եւ տրամաբանական մոդելը, որի մասին խոսեցի սկզբում եւ որի մասին քաջալերանքի եւ գոհունակության բազմաթիվ խոսքեր են ասել եվրոպական կառույցները եւ փորձագետները: Եկեք այդ մոդելը պայմանականորեն անվանենք Երազանքի սահմանադրական դատարան: 

Բայց հիմա պիտի հարց տամ, որը աբսուրդ պիտի թվար մինչ այժմ այս ամբիոնից իմ ասածի ֆոնին, որովհետև այս ամենը նախատեսված է հենց այս պահին գործող Սահմանադրությամբ: Իսկ արդյո՞ք այսօր մենք ունենք այդ երազանքի, հավասարակշռված Սահմանադրական դատարանը: 

Պատասխանը հետեւյալն է - Ոչ, սիրելի հայրենակիցներ չունենք»,- շեշտեց Փաշինյանը: 

Նա հիշեցրեց՝ մենք այս ընթացքում գտնվել ենք կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու տարանցիկ փուլում, ու հարցադրում արեց՝ գուցե պարզապես չե՞նք հասցրել ունենալ երազանքի սահմանադրական դատարան: 

«Ե՞րբ կունենանք երազանքի սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրնկի տակ: Կունենա՞նք թե չենք ունենա սահմանադրական այդպիսի դատարան: Այո, կունենանք, բայց եթե որևէ բան չփոխենք, կունենանք, ուշադրություն, 2035 թվականին: Կրկնում եմ, եթե ոչինչ չփոխվի, եթե ոչինչ չփոխենք, այդպիսի սահմանադրական դատարան կունենանք ամենաշուտը 2035 թվականին: Ինչու՞, որովհետեւ գործող սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները այնպիսի ձեւակերպումներ են տվել, որ հին, այն հին ու մեզ հայտնի սահմանադրական դատարանը շարունակի գործել հնարավորինս երկար: 

Ըստ էության, նախկին հանրապետական իշխանության ներկայացուցիչներն ասել են հետեւյալը. ճիշտ է, մենք գտել ենք երազանքի սահմանադրական դատարանի մոդելը, որտեղ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, բայց հին սահմանադրական դատարանի անդամների լիազորությունները չենք կրճատում, նրանք թող ՍԴ անդամ լինեն այնքան, ինչքան նախատեսված է 1995 կամ 2005 թվականի սահմանադրություններով:

Արդյունքում մենք ունենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված ՍԴ երկու գործող անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է  2026 եւ 2029 թվականին, Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ 2 անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 և 2037 թվականներին, Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ 1 անդամ, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին, Գալուստ Սահակյանի կողմից առաջադրված եւ ԱԺ կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2031 թվականին, Արա Բաբլոյանի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ 1 անդամ, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2035 թվականին: 

Ու չնայած գործող սահմանադրությամբ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, հին սահմանադրական դատարանի անդամների ճնշող մեծամասնությունը պաշտոնավարելու է շատ ավելի երկար, ունենալով պաշտոնավարման երբեմն երեք անգամ ավելի երկար պատմություն, քան նախատեսված է գործող Սահմանադրությամբ»,- ասաց վարչապետը:  

Փաշինյանի խոսքով՝ առանձին դեպք է Սահմանադրական դատարանի նախագահի պարագան: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարում է 6 տարի, Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի, մինչեւ 2035 թվականը: 

«ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի դեպքը իսկապես առանձին պատմություն է, որը առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա լինելով գործող սահմանադրության տեքստի հեղինակներից մեկը, կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը սահմանադրության տեքստը գրողների խմբում եւ պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ՝ հետեւյալ տրամաբանությամբ: 

Եթե Թովմասյանը ստեղծում է սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն պետք է այդ տեքստը նաեւ իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա՝ որպես սահմանադրական դատարանի նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:

Եւ ի դեպ, հին սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն նրանց նոր սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավել պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ այդ անդամների, այլ իր սեփական շահերի համար, որովհետեւ նրան պետք է եղել հին կարգով ընտրված ՍԴ անդամների պաշտոնավարումը մինչեւ 65 կամ ոմանց դեպքում 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետեւ ինքը ի սկզբանե նախատեսած է եղել, որ ՍԴ անդամ պիտի ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով: 

Նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին, չնայած՝ գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրվելու կարգը, ամբողջությամբ փոխվելու է: Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո Աժ նախագահը զրկվելու է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից, նա սահմանադրական դատարանի անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ իր ընտրվելուց ընդամենը 37 օր հետո ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանվելու 12 տարին: 

Ահա այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ ի հեճուկս սահմանադրական դատարանի մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ, ՍԴ հին անդամները շարունակեն պաշտոնավարել, որովհետեւ եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ»,- նկատեց Փաշինյանը: 

Ըստ վարչապետի՝ նույնը վերաբերվում է նաեւ ՍԴ նախագահի պարագային: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018 թվականի մարտի 21-ին, Ազգային ժողովի կողմից, չնայած  գիտեր, որ ընդամենը 19 օր հետո Ազգային ժողովը զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից, Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի թեկնածու է առաջադրել Ազգային ժողովի նախագահը, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որտեղ նկարագրված է երազանքի սահմանադրական դատարանը եւ որտեղ գրված է, որ Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում է Սահմանադրական դատարանի կողմից 6 տարի ժամկետով, նույն անձը չի կարող մեկից ավելի անգամ ընտրվել ՍԴ նախագահ: 

«Բայց հիմա, այդպիսի սահմանադրական դատարան ունենալու համար, ինչպես նկարագրված է Սահմանադրության մեջ, հայ ժողովուրդը պետք է սպասի մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր Թովմասյանը իր կուսակցության, ՀՀԿ-ի օգնությամբ մինչեւ 2035 թվականը իրենով է արել Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված: 

Չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս ճանապարհին Հանրապետականները կարծես անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլեւ քրեական օրենսգրքի սահմանը: 

Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018 թվականի մարտի 25-ին: Եթե նա շարունակեր մինչեւ վերջ պաշտոնավարել, Հրայր Թովմասյանը չէր կարող ՍԴ նախագահ ընտրվել Ազգային ժողովի կողմից, չէր կարող ընտրվել 17 տարի ժամկետով: 

Ու որպեսզի սա հնարավոր դառնա, նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին, իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ  2018 թվականի մարտի 20-ին մեկնարկող հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ ԱԺ վերջին հերթական նիստն էր»,- ընդգծեց վարչապետը: 

Փաշինյանը հիշեցրեց՝ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրում 2018 թվականի մարտի հինգին, բայց Ազգային ժողովի այն ժամանակվա աշխատակազմում հասկանում են, որ եթե Գագիկ Հարությունյանը հրաժարականը արձանագրվի մարտի 5-ին, առաջանում են ընթացակարգային այնպիսի խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում Հրայր Թովմասյանի 17 տարով ՍԴ նախագահ ընտրվելը 2018 թվականի մարտի 20-ին նախատեսված ԱԺ հերթական նստաշրջանում, ուստի, ըստ հրապարակված տվյալների, կեղծիք են թույլ տալիս, եւ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցում են մարտի 2-ով, թույլ տալով պաշտոնեական կեղծիք: Վարչապետը հիշեցրեց նաև, որ այս դրվագով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցված։ 

«Իմ քաղաքական գնահատականը միանշակ է. այս կեղծիքով եւ ընդհանրապես այս ողջ պատմությամբ թույլ է տրվել իշխանության յուրացում»,- նշեց նա՝ հավելելով, որ մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով՝ սահմանադրական գործող դատարանի և նրա նախագահի կողմից յուրացվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին պատկանող իշխանությունը: 

«Դրա առաջին դրվագի մասին ես արդեն խոսեցի. խոսքը գործող սահմանադրության 213 հոդվածի մասին է, որով հին սահմանադրական դատարանին հնարավորություն է տրվել շարունակել գոյություն ունենալ նոր Սահմանադրության պայմաններում եւ ի հեճուկս նոր Սահմանադրությամբ նկարագրված Սահմանադրական դատարանի: 

Բայց կա մեկ այլ, ոչ պակաս կարեւոր դրվագ: Հրայր Թովմասյանը Սահմանադրության գործող տեքստում առնվազն Սահմանադրական փոփոխությունների հարցում Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություն է վերապահվել, քան Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության: 

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է ցանկանալ որեւէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց Սահմանադրական դատարանը թույլ չտա, այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: Ընդ որում, ոչ ոք, ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ-ի այդ դիրքորոշումը: 

Այսինքն, այս վիճակում՝ Հայաստանի ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի՝ ապօրինի ձեռքբերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենալ, բայց Սահմանադրական դատարանը դա թույլ չտա, համարելով հակասահմանադրական: Այսինքն՝ Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից եւ այդ սուբյեկտը Սահմանադրական դատարանն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության յուրացման աղաղակող օրինակ է: 

Աբսուրդը հասել է այնտեղ, որ Սահմանադրական դատարանն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ ինքը իր, իր կարգավիճակի վերաբերյալ: Սա իսկապես աղաղակող աբսուրդ է, ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանը նման որոշում կայացնել ինքը իր, իր կարգավիճակի վերաբերյալ: Կան իրավաբաններ, որոնք հակադարձում են՝ այդ դեպքում ինչպե՞ս է, որ Ազգային ժողովը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ, կառավարությունը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ, նախագահը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ: 

Թվում է՝ զորեղ փաստարկ է, բայց՝ Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումներն ու օրենքները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան մի քանի սուբյեկտների կողմից, Կառավարության որոշումները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան, Վարչական դատարան, նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարան, Վարչական դատարան եւ միակ մարմինը որի որոշումները, այդ թվում իր կարգավիճակի վերաբերյալ, չեն կարող բողոքարկվել՝ Սահմանադրական դատարանն է»,- նկատեց երկրի վարչապետը:

Շարունակությունը՝ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am