Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 17 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 17 հունվարի 
1990թ.

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1990թ. հունվարի 13-ին Ադրբեջանի 250 հազար հայ բնակիչ ունեցող մայրաքաղաք Բաքվում հայերի զանգվածային ջարդերի մեկնարկից 2 օր անց՝ հունվարի 15-ին, երբ սպանդի և հետապնդումների հետևանքով Բաքուն հազարավոր հայեր էին լքել, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը արտակարգ դրություն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և մի քանի այլ շրջաններում: 11 կետից բաղկացած հրամանագիրը հրապարակվեց ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՏ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգանի՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 17-ի համարի առաջին էջում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված հոդվածաշարը. 30 տարի անց թերթելով պատմության էջերը՝ ձեզ ենք ներկայացնում երեք տասնամյակ առաջ այդ օրերին թերթերում հայկական սպանդի և դրա հետ առնչվող այլ թեմաների մասին տպագրված հոդվածները, հաղորդագրություններն ու լուրերը:

«Սովետական Հայաստան» օրաթերթ -  հունվարի 17

Արտակարգ դրություն` ջարդերից հետո

Կրեմլում հունվարի 15-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովի նախագահությամբ տեղի ունեցավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստը: Նիստում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Քննարկումների արդյունքում Գերագույն խորհրդի նախագահությունը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 11 կետից բաղկացած հրամանագիր, որի տեքստը հրապարակվեց խորհրդային մամուլում:

« ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶՈՒՄ

ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ԱՅԼ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Արտակարգ դրություն հայտարարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, Ադրբեջանական ԽՍՀ-ի` նրան հարող շրջաններում, Հայկական ԽՍՀ-ի Գորիսի շրջանում, ինչպես նաև ԽՍՀՄ-ի պետական սահմանի երկայնքով Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում եղած սահմանամերձ գոտում:
  2. Արտակարգ պարագաների հետևանքները վերացնելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, հասարակական կարգն ու անվտանգությունը, բնակչության կենսագործունեության օբյեկտները պահպանելու համար օրենքին համապատասխան ներգրավվում են ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրության ներքին զորքերը: Քաղաքացիներին պաշտպանելու, բնակչության կենսագործունեության օբյեկտները պահպանելու համար նաև ներգրավվում են խորհրդային բանակի, ռազմածովային նավատորմի և ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի զորամասերը...:
  3. Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը առաջարկել ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ պարետային ժամի սահմանումը Բաքու, Գանձակ քաղաքներում և այլ բնակավայրերում ապահովելու համար բնակչության ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների անվտանգությունը, պատասխանատվության կանչելու այն անձանց, ովքեր մեղավոր են գործող օրենսդրության պահանջները, այդ թվում «Ադրբեջանական ԽՍՀ-ում և Հայկական ԽՍՀ-ում հասարակական կարգի հաստատման անհետաձգելի միջոցառումների մասին» ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988 թվականի նոյեմբերի 28-ի հրամանագրի պահանջների խախտման մեջ...:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ` Մ. Գորբաչով

Մոսկվա, Կրեմլ: 15 հունվարի 1990թ.»

Գիտնականների խոսքը

Բաքվում տեղի ունեցող վայրագություններն այդ օրերին շարունակում էին դատապարտել հայ մտավորականներն ու գիտնականները: «Սովետական Հայաստան» օրաթերթի համարում տպագրվեց ԽՍՀ գիտությունների ակադեմիայի գիտնականների կոչը` ուղղված աշխարհի բոլոր գիտնականներին:

«Գիտնականների խոսքը

Ս. թ. հունվարի 15-ին Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայում կայացավ ակադեմիայի նախագահության ընդլայնված նիստ, որտեղ դատապարտվեցին Ադրբեջանում, մասնավորապես Բաքվում ապրող հայ բնակչության նկատմամբ գործադրված ավազակության, ահաբեկչության և չարամիտ սպանությունների փաստերը:

Ընդունվեց և ուղարկվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիային և նրա մասնաճյուղերին, միութենական հանրապետությունների գիտությունների ակադեմիաներին, արտասահմանյան այն ակադեմիաներին ուղղված Հայաստանի գիտությունների ակադեմիայի դիմում տեքստը, որոնց հետ վերջինս գիտական սերտ կապեր է պահպանում:

Նրանում ասված է.

«Հայաստանի գիտությունների ակադեմիան դիմում է աշխարհի բոլոր գիտնականներին` կոչ անելով բողոքի ձայն բարձրացնել Ադրբեջանական ԽՍՀ-ում հայ բնակչության բարբարոսական բնաջնջման դեմ: Սումգայիթի անպատիժ ցեղասպանությունից հետո գազանությունների նոր ալիքը իր գագաթնակետին հասավ 1990 թվականի հունվարի 14-ին` Բաքվում հայերի զանգվածային սպանություններով:

Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ

Ակադեմիկոս` Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ»

Սերո Խանզադյանի կոչը` հայ ժողովրդին

Թերթի էջերում ուշագրավ է նաև հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայկական ՀԽՍ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ գրողների միության անդամ և ԽՄԿԿ անդամ Սերո Խանզադյանի հոդվածը, որում գրողը հայ ժողովրդին պայքարի կոչ է անում: Խանզադյանն իր հոդվածում հիշեցնում է նաև այն, թե ինչպես է հայ ժողովուրդը Բաքվի ջարդերից 240 տարի առաջ բարեգթությամբ իր տանը տեղ ու հաց տվել թուրք քոչվոր ցեղերին:

«ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵՑԻՆՔ ԴԱՐԵՐ

Հայ ժողովուրդ` եղբայրներս, քույրերս, զավակներս, թոռներս, ճակատագրական օր է մեզ համար: Ընդամենը 240 տարի առաջ Արցախ-Ղարաբաղի հայության բարեգթությամբ մեր տանը տեղ ու հաց, հող ու հաց ստացած թուրք քոչվոր ցեղերը ահռելի ոհմակներով, ոտնահարած մեր տված աղուհացը, բարբարոսություններ են կատարում, զինված արշավանքներ ձեռնարկում մեր արևելյան սահմանների` Սյունիքի, Արցախի, Գուգարքի դեմ:

Ամեն օր զոհ, ամեն օր կողոպուտ, իսկ հիմա` այս օրերին էլ շարունակվում է Բաքվի բնիկ տերերի (ռուսների, հրեաների, գերմանացիների) հետ հայերի կոտորածը:

Մենք, դեռ չբուծած սումգայիթի վերքերը, այսօր լսում ենք Բաքվում մորթվողների երեխաների աղաղակը:

Մինչև ե՞րբ...

... Չի հուսահատվի իմ հայ ժողովուրդը, հավատացած եմ, թեև մենակ է: Աստված էլ մենակ էր և մենակ է: Հպարտ եղիր, ազգ իմ, քո ազնվությամբ և քո վեհությամբ: Կռվի մեջ չկա տեսակների տարբերություն: Այսօր կռիվ է: Դիմենք բոլոր միջոցներին: Բացի մեկից` խնդրանքից ու հպատակվելուց:

Ուրեմն, դեպի պայքար:

Մեր դրոշին Դավիթ Բեկի խոսքերը դաջենք. «Այսպես ապրեցինք դարեր»: Համոզված եմ` այսօր չէ, վաղը կհաղթանակի մեր գործը:

Սերո ԽԱՆԶԱԴՅԱՆ»

«Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 17-ի համարում տեղ են գտել նաև լուրեր Լեռնային Ղարաբաղի տարածքում տիրող իրավիճակի և մի շարք այլ թեմաների մասին:

30 տարի առաջ այս օրերին թեժ կետերում և սովետական գրաքննության պայմաններում աշխատած լրագրողների դժվարին և ազգանվեր աշխատանքի շնորհիվ են պատմության էջերում գրվել հայ ժողովրդի կյանքի վերաբերյալ այս կարևոր տեղեկությունները:

Նորայր Շողիկյան

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 14 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 15 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 16 հունվարի 1990թ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]