Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունվար, 2025

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունվար, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է փետրվարի վաճառքների հիման վրա: 

Մայք Օմերի «Մարդասպանի աչքերով» գիրքը առաջին տեղում է։ Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։ 

Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։ Բայց արդյո՞ք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին, նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում․․․Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։

Մայք Օմերի «Զոհի աչքերով» երկրորդ տեղում է։ Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» երրորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Աննա Ջեյնի «Երկրպագուն» գիրքը չորրորդ տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ու՞մ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքները արված են:

Մարկ Արենի «Երբեքևեթ»-ը հինգերորդ տեղում է։ Երբեմն մտքի անմեկնելի ընթացքը ծնունդ է տալիս բառերի, որոնք կարծես ծագում են չգիտես որտեղ փայլատակող կայծերից: Որպես բառային օվկիանոսի խորքերում կայծկլտող փարոս-ուրվական, չիրականացված հույսերի ու անկատար խոստումների արձագանք՝ «երբեքևեթ» բառը լեզվական կանոններում տեղ դեռևս չունի, բայց ենթադրենք, որ այն կյանքի իրավունք ունի գրական աշխարհում: «Երբեքևեթ»-ը խաղում է մեր գիտակցության հետ՝ մեր երևակայությունը դնելով անհնարինի և հնարավորի ճոճանակի վրա: Այն ստիպում է, որ ժամանակը քարանա շփոթության մեջ, որովհետև ինչպե՞ս կարող է միաժամանակ լինել երբեք և ևեթ, այսինքն՝ երբեք և հիմա:

Վեցերորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Նիթա Փրոուզի «Աղախինը» ութերորդ տեղում է։ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի։

Քրիս Յուանի «Տան որսը» իններորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:

Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։

Նիթա Փրոուզի «Խորհրդավոր հյուրը» տասներորդ տեղում է։ «Խորհրդավոր հյուրը» Նիթա Փրոուզի «Աղախինը» վեպի շարունակությունն է, որտեղ աղախին Մոլլի Գրեյը բախվում է մեկ այլ կլանող առեղծվածային պատմությանը, երբ հռչակավոր հեղինակը հանկարծամահ է լինում «Ռիջենսի Գրանդ» հինգ աստղանի բուտիկ-հյուրանոցում` գրական միջոցառման ժամանակ․․․

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով»Դավինչի303
20Մայք Օմեր, «Զոհի աչքերով» Դավինչի285 
3+4Տոշիկազու Կավագուչի, «Նախքան սուրճը կսառի» Դավինչի119
4*Աննա Ջեյն, «Երկրպագուն»Բուքփրայզ67
5նորerbeqevet-300x450.jpgՄարկ Արեն, «Երբեքևեթ» Բուկինիստ66
60Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել»Զանգակ59
7*Պաուլու Կոելյու, «Ալքիմիկոսը»  Անտարես56
8*Նիթա Փրոուզ, «Աղախինը» Դավինչի50
9-4Քրիս Յուան, «Տան որսը» Դավինչի49
10նոր00-00208481.jpgՆիթա Փրոուզ, «Խորհրդավոր հյուրը» Դավինչի47
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում