«Երևանյան բեսթսելեր». Հենրիխ Մխիթարյանի գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, մարտ, 2026բեսթսելեր»
10 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». Հենրիխ Մխիթարյանի գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, մարտ, 2026
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքների։
Ալեսանդրո Ալչատոյի և Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը առաջին տեղում է։ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։ Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։
Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» երկրորդ տեղում է։ Գիրքը ժամանակակից դասական է՝ քաղաքականության, հոգեբանության և ռազմավարության հատման սահմանագծում: Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական և աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերում՝ հին աշխարհի տիրակալներից մինչև նոր ժամանակների գործարարներ, քաղաքական գործիչներ ու արվեստագետներ: Յուրաքանչյուր օրենք ներկայացվում է պատմական կերպարների՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Նապոլեոն Բոնապարտի, Օտտո Ֆոն Բիսմարկի, Իվան Ահեղի և այլ նշանավոր դեմքերի կյանքի օրինակներով՝ համեմված անվանի մտածողների և ռազմավարների ուսմունքներով, մասնավորապես՝ Մաքիավելիի, Սուն Ցզիի, Կոնֆուցիոսի, Նիցշեի և այլոց:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Չորրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Էրիկ Բեռնի «Մարդիկ, որոնք խաղում են խաղեր» գիրքը հինգերորդ տեղում է։ Մարդկային ճակատագրերի հոգեբանություն։ «Հռչակավոր հոգեթերապևտի գլուխգործոցը… փայլուն, երբեմն նույնիսկ զարմանալի խորաթափանց մտքեր՝ մարդու վարքի մասին… Չնայած պարզ, հումորով հագեցած մոտեցմանը՝ գիրքը լի է այն նույն լրջությամբ և մարդկանց հանդեպ կարեկցանքով, որոնք «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը դարձրել են ժամանակակից հոգեբանության ուղենիշ»։
«Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքը վեցերորդ տեղում է։ Այն Շառլ Ազնավուրի ինքնակենսագրականն է, որտեղ շանսոնիեն գրել է, որ քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ` բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:
Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» գիրքը յոթերորդ տեղում է։ Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, մանկավարժ Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը» գիրքը գրված է գիտական լուրջ հետազոտությունների հիման վրա: Ելնելով իր կյանքի փորձառությունից՝ հեղինակը նկարագրում է, թե ինչպես թեթևակի փոփոխելով ուղեղի աշխատանքը՝ կարելի է բացել դեպի քվանտային դաշտ տանող դուռը՝ կյանքում դրական փոփոխությունների հասնելու համար: Եվ այս ամենը դոկտոր Ջոն ներկայացնում է հեշտ կիրառելի աստիճանական տեխնիկայի միջոցով։
Ռոբին Շարմայի «Հարստություն, որը փողով չես գնի» գիրքը ութերորդ տեղում է։ Ընթերցողի դատին է ներկայացվել աշխարհահռչակ բանախոս, մոտիվատոր, բազմաթիվ հզոր կազմակերպությունների բիզնես խորհրդատու, բազում գրքերի հեղինակ Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերը՝ «Հարստություն, որը փողով չես գնի»: Հետևելով հեղինակի «փոքրիկ» խորհուրդներին՝ քայլ առ քայլ կմոտենաք ձեր երազած՝ առողջ, երջանիկ, հարուստ, սիրով լի կյանքին: Ինչպես հեղինակն է ասում, բախտավոր չեն ծնվում, բախտավոր դառնում են: Այնպես որ... կարդացեք, երջանկացեք, հարստացեք և եղեք բախտավոր...
Իններորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը: Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:
Տասներորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | 0 | ![]() | Ալեսանդրո Ալչատո, Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» | Newmag | 197 |
| 2 | 0 | ![]() | Ռոբերտ Գրին, «Իշխանության 48 օրենքները» | Դավինչի | 155 |
| 3 | +4 | ![]() | Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 70 |
| 4 | 0 | ![]() | Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը» | Դավինչի | 68 |
| 5 | +1 | ![]() | Էրիկ Բեռն, «Մարդիկ, որոնք խաղում են խաղեր» | Դավինչի | 60 |
| 6 | * | ![]() | «Ազնավուրը Ազնավուրի մասին» | հեղ հրատ | 57 |
| 7 | * | ![]() | Ջո Դիսպենզա, «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» | Դավինչի | 56 |
| 8 | 0 | ![]() | Ռոբին Շարմա, «Հարստություն, որը փողով չես գնի» | Բուկինիստ | 46 |
| 9 | * | ![]() | Էկհարթ Թոլլ, «Ներկայի ուժը» | Դավինչի | 44 |
| 10 | * | ![]() | Նապոլեոն Հիլ, «Մտածի՛ր և հարստացի՛ր» | Զանգակ | 41 |









