«Երևանյան բեսթսելեր». Քեշիշյանի գործերն՝ առաջատար. հայ գրականություն. փետրվար, 2025
8 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» գիրքը երկրորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից... Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:
Սյունե Սևադայի «Արիության մետաղ»-ը երրորդ տեղում է։ Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։ Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։
Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը չորրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը» հինգերորդ տեղում է։ «Նմանակը» վեպը Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է: Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող այս բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ: Գեղարվեստական վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջևանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է: Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»: Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ երեք տարի «աշխատում» է խորհրդարանում՝ մինչև բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից: Հասկանալի պատճառով թուրք պատգամավորի և որոշ գործող անձանց անունները փոխված են: «Նմանակը», այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը:
«Դիցային․ Արմկոն» (հայ ֆանտաստ գրողների պատմվածքների ժողովածու)-ն վեցերորդ տեղում է։ Ժողովածուում զետեղված են հայ ֆանտաստ գրողների՝ «Դիցային» խորագրով անցկացված «ԱՐՄԿՈՆ» գրական մրցույթի ստեղծագործություները: «Դիցայինը» մեր հարուստ ժառանգության մանրապատկերն է՝ նոր խնդիրներով հին աստվածներից ու միջնաբերդյան պատմություններից մինչև վիշապների գաղտնիքներ:
«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» նախագիծն այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով, որը յոթերորդ տեղում է։ Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից:
Համբարձում Համբարձումյանի «Բուդը» ութերորդ տեղում է։ Համբարձումյանի «Բուդը» ժողովածուն ընդգրկում է նրա վերջին տարիների պատմվածքները։
Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը իններորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:
Տասներորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
1 | +1 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 258 |
2 | +4 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Օգնիր սրտիս բաբախել» | հեղ․ հրատ | 182 |
3 | նոր | ![]() | Սյունե Սևադա, «Արիության մետաղ» | Newmag | 167 |
4 | +1 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» | հեղ․ հրատ | 106 |
5 | -2 | ![]() | Աշոտ Աղաբաբյան, «Նմանակը» | հեղ․ հրատ | 78 |
6 | նոր | ![]() | «Դիցային․ Արմկոն» | Բուկինիստ | 62 |
7 | * | ![]() | «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» | Զանգակ | 52 |
8 | նոր | ![]() | Համբարձում Համբարձումյան, «Բուդը» | Անտարես | 39 |
9 | 0 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ» | Դավինչի | 37 |
10 | * | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Շելա» | Դավինչի | 32 |