Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հունվար, 2025

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հունվար, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ հունվարի վաճառքների։

Առաջին տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը երկրորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը չորրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Հինգերորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Ռոբին Շարմայի «Առօրեական ոգեշնչում» գիրքը վեցերորդ տեղում է։ «Առօրեական ոգեշնչում» գիրքը  ներառում է ամենօրյա ոգեշնչման վերաբերյալ գաղափարներ, որոնք օգնում են մարդկանց գտնել իրենց իրական նպատակը և լինել ավելի արդյունավետ, երջանիկ և հաջողակ։ Շարման մանրամասն նկարագրում է, թե ինչպես փոքր, բայց խելացի քայլերը կարող են փոխել մարդկանց կյանքը՝ զարգացնելով հավատարմություն, սեփական արժանիքների գիտակցում և կյանքը քաջաբար ապրելու կարողություն։ Այս գիրքը պարունակում է նաև շատ արժեքավոր խորհուրդներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դիմակայել դժվարություններին և կյանքի ընթացքում գտնել խորքային և իրական երջանկություն։

Յոթերորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։ 

Ութերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» իններորդ տեղում է։ Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։

Ջոն Քեհոյի «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» գիրքը տասներորդ տեղում է։ Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեհոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:

ՏեղՓոփոխԳիրք ՀրատՔանակ
1+3

Ջո Նավարո,

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

 Դավինչի177
2+1

Բոդո Շեֆեր,

«Հաղթողների 30 օրենքները» 

Դավինչի175
3*

Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես,

 «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի131
4-2

Ջեյմս Քլիըր,

 «Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ102
5+1

Էրիկ Բեռն,

 «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Դավինչի99
6Նոր

Ռոբին Շարմա,

 «Առօրեական ոգեշնչում»

Բուկինիստ70
7*

Ռոբերտ Կիյոսակի,

 «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

 Անտարես54
8+1

Նապոլեոն Հիլ,

 «Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ50
9-4

Դանիել Քանեման,

 «Մտածողություն. արագն ու դանդաղը»

Զանգակ47
10*

Ջոն Քեհո,

 «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար»

Անտարես46

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում