«Երևանյան բեսթսելեր». «Երկրպագուն»-ն՝ առաջատար. թարգմանական. փետրվար, 2025
10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է փետրվարի վաճառքների հիման վրա:
Աննա Ջեյնի «Երկրպագուն» գիրքն առաջին տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ո՞ւմ դերում, զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու․․․ Արյունոտ խաղադրույքներն արված են:
Մայք Օմերի «Զոհի աչքերով» գիրքը երկրորդ տեղում է։ Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը՝ զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։
Երրորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Ագաթա Քրիստիի «Երրորդ աղջիկը» չորրորդ տեղում է։ «Երրորդ աղջիկը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1966-ին։ Այս անգամ Էրքյուլ Պուարոյին սովորականից առավել տարօրինակ մի գործ է սպասում գլուխ բերել, քանի որ ամեն բան սկսվում է անսպասելի այցելուի՝ Նորմա Ռեսթրիքի ասած մի պարզ, բայց միևնույն ժամանակ առաջին հայացքից անհեթեթ թվացող նախադասությունից. «Հնարավոր է՝ սպանություն եմ գործել»։ Ու թեև հենց նույն պահին աղջիկը հրաժարվում է Պուարոյի ծառայություններից՝ համարելով նրան շատ ծեր, վերջինս որոշում է պարզել ճշմարտությունը։ Ու ամեն բացահայտված նոր փաստ, որ իրականում ավելի ու ավելի է խճճում առաջին հայացքից պարզ թվացող իրադարձությունների շարքը, գործի հետ առնչություն ունեցող մարդկանց ով լինելն ու նրանց արարքների դրդապատճառներն, ի վերջո օգնում է Պուարոյին այդ մեծ գլուխկոտրուկի յուրաքանչյուր մասնիկ դնել իր տեղում, և ընթերցողի առջև հայտնվում է լիովին անսպասելի մի պատկեր։
Քրիս Յուանի «Տան որսը» հինգերորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:
Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։
Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» վեցերորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են և՛ դասախոսները, և՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։
Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի»-ն յոթերորդ տեղում է։ Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը՝ նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...
Ութերորդ տեղում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» ստեղծագործությունը: Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել: Թարգմանությունը`Մերի Դալլաքյանի:
Նիթա Փրոուզի «Աղախինը» իններորդ տեղում է։ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի։
Տասներորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:
Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
1 | +3 | ![]() | Աննա Ջեյն, «Երկրպագուն» | Բուքփրայզ | 243 |
2 | 0 | ![]() | Մայք Օմեր, «Զոհի աչքերով» | Դավինչի | 213 |
3 | +3 | ![]() | Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել» | Զանգակ | 197 |
4 | Նոր | ![]() | Ագաթա Քրիստի, «Երրորդ աղջիկը» | Էդիթ Պրինտ | 187 |
5 | +4 | ![]() | Քրիս Յուան, «Տան որսը» | Դավինչի | 142 |
6 | * | ![]() | Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը» | Newmag | 134 |
7 | -4 | ![]() | Տոշիկազու Կավագուչի, «Նախքան սուրճը կսառի» | Դավինչի | 132 |
8 | * | ![]() | Ջոջո Մոյես, «Ես մինչ քեզ» | Զանգակ | 122 |
9 | -1 | ![]() | Նիթա Փրոուզ, «Աղախինը» | Դավինչի | 83 |
10 | * | ![]() | «Բարի գործերի քաղաքը» | Բուկինիստ | 80 |
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: