Նոր գիրք

«Նոր գիրք»-6/25. Սևադա, Լենգլ, Ոսկանյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-6/25. Սևադա, Լենգլ, Ոսկանյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Սյունե Սևադա, «Արիության մետաղ»

Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։

Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն. Մադլեն Լենգլ, «Ժամանակի մի փոքրիկ ծալ»

Փոթորկալից գիշերով Մեգի քունը չէր տանում։ Ինչպես և փոքրիկ եղբոր՝ Չարլզ Ուոլեսինը։ Գիշերվա կեսին մայրիկի հետ խոհանոցում նստած՝ նրանց անսպասելիորեն այցելում է տարօրինակ տիկին Այնինչը։ Զրույցի մեջ նա իմիջիայլոց «հնգաչափ» բառն է հիշատակում, ինչից մայրիկը քիչ է մնում ուշաթափ լինի։ Պարզվում է, որ «հնգաչափը» գիտական գաղափար է, որի վրա հայրիկն էր աշխատել՝ նախքան խորհրդավոր կերպով անհետանալը։ Տիկին Այնինչը երեխաներին խոստանում է օգնել՝ գտնելու հայրիկին և երեխաներին «հնգաչափելով» ու բազմաթիվ արկածներով տեղափոխում է հեռավոր Կամազոծ մոլորակ։ Կամազոծի բոլոր բնակիչները ենթարկվում են ԻՆՔԸ կոչվող ահռելի անմարմին ուղեղին։ Երեխաների հայրիկին էլ է ԻՆՔԸ գերած պահում։ ԻՆՔԻ զոհն է դառնում նաև փոքրիկ Չարլզ Ուոլեսը։ Կկարողանա՞ արդյոք Մեգը նրանց փրկել... Թարգմանությունն անգլերենից` Նունե Թորոսյանի։ 

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Աշոտ Ոսկանյան, «44 Պարտություն, 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ»

Հրատարակությունը նպատակ ունի հանրային ուշադրությունն ուղղել Արցախյան երկրորդ պատերազմի փաստական հանգամանքներին՝ վերջիններս հասկանալով ամենալայն իմաստով՝ պատերազմական գործողություներից մինչև որոշումների ընդունումը, բանակաշինությունից մինչև առաջնորդության ռազմավարական մտածողության որակը։ Նրանում ընդգրկված երեք վերլուծականներից կենտրոնականը հենված է քաղաքական և ռազմական գործիչների, որոշում ընդունողների, փորձագետների և պատերազմի անմիջական մասնակիցների հետ անցկացված ավելի քան երեսուն հարցազրույցների վրա։ Գիրքն ամբողջացնում են 44-օրյա պատերազմի մանրամասն ժամանակագրությունը և ռազմական գործողությունների քարտեզը։

Գիրքը լույս է ընծայել Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ն։ 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում