«Նոր գիրք»-9/25. Ջեսահ, Լևի, Դարյան, Կարապետյան
4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Ջեսահ, «Սպանություն դրախտում»
Երբ դրախտում խաղաղությունը խաթարվում է անսպասելի և սարսափելի սպանություններով, հրեշտակապետներն ընկնում են անելանելի դրության մեջ։ Դեպքերը բացահայտելու և վերահաս վտանգները կանխելու համար նրանք դժոխքից օգնության են կանչում փորձառու քննիչ Իսայանին։ Նրա առաքելությունը բարդ է և արկածներով լի: Որո՞նք են այդ խորհրդավոր հանցագործությունների շարժառիթները: Ո՞վ է համարձակվել խախտել Երկնքի և Երկրի հավասարակշռությունը և անբիծ միջավայր բերել մեղքը: Իսայանի ուղին անցնում է դժոխքի մռայլ թագավորությունից մինչև դրախտի շողացող պարտեզները՝ բացահայտելով գաղտնիքներ, որոնք պտտվում են անցյալի և ներկայի Հայաստանի շուրջ։
Կիրականացնի՞ արդյոք քննիչն իրեն վստահված առաքելությունը, կկարողանա՞ քանդել այս խճճված հանգույցը։ Ջեսահի «Սպանություն դրախտում» վեպը պատմություն է բարու և չարի բախման, վախի և հուսահատության մեջ հույսի փնտրտուքի մասին:
Իրադարձությունները զարգանում են հետադարձ անդրադարձումներով, և ամեն քայլափոխին ճշմարտությունը դառնում է ավելի վտանգավոր, քան ցանկացած սուտ։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն
Մարկ Լևի, «Հետգրություն Փարիզից»
Այս գիրքը երկար տարիների ուսումնասիրություն է և եզրակացություն հարյուրավոր տղաների և աղջիկների, տղամարդկանց և կանանց մասին, որոնք փորձարկում և փորձության են ենթարկում հարաբերությունները: Սա հեքիաթների և առասպելների երկարամյա հետազոտություն է, որտեղ հերոսները կինն ու տղամարդն են՝ անիծված և օրհնված Սիրո թրթիռը ստեղծելու իրենց որոնումներում: Այս գիրքը հարաբերությունների առեղծվածի հավերժական թեմայի շուրջ քննարկումների բուն էության խտացումն է:
Փոլը հրատարակում է իր առաջին վեպը և Սան Ֆրանցիսկոյից մեկնում է Փարիզ։ Նա ստեղծագործում է, հանդիպում ընթերցողների հետ, բայց անսահմանորեն միայնակ է զգում իրեն: Միան փախչում է Փարիզ՝ թողնելով իրեն դավաճանած ամուսնուն և հանգրվանում փարիզեցի ընկերուհու տանը: Ֆրանսերենից թարգմանեց Թերեզա Ստեփանյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Օլգա Դարյան, Արմինե Կարապետյան, «Խաղողի երկիրը, կամ Խխունջի, Խլուրդի ու Խատուտիկի ճամփորդությունը»
Երկու հին բարեկամներ՝ խլուրդն ու խխունջը, ճանապարհ են ընկնում համտեսելու խաղող, մի միրգ՝ օտար իրենց երկրին: Խանութից գնված խաղողից հիասթափված՝ նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում երգով: Սակայն կյանքն անսպասելիորեն փոխվում է, երբ նրանք հանդիպում են անուշիկ խատուտիկին: Դուք էլ միացեք երեք ընկերների ճամփորդությանը՝ բացահայտելու, թե որտեղից է գալիս խատուտիկը և ինչ անակնկալներ է սպասում նրանց։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը: