Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Քեզնից հեռու, քեզ հետ»-ն՝ առաջատար. հայ գրականություն. մարտ, 2025

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Քեզնից հեռու, քեզ հետ»-ն՝ առաջատար. հայ գրականություն. մարտ, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Սյունե Սևադայի «Արիության մետաղ»-ը երկրորդ տեղում է։ Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։

Ավետ Բարսեղյանի «Հայելիս» երրորդ տեղում է։ «Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։

Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» գիրքը չորրորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից... Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը հինգերորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը» վեցերորդ տեղում է։ «Նմանակը» վեպը Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է: Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող այս բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ: Գեղարվեստական վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջևանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է: Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»: Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ երեք տարի «աշխատում» է խորհրդարանում՝ մինչև բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից: Հասկանալի պատճառով թուրք պատգամավորի և որոշ գործող անձանց անունները փոխված են: «Նմանակը», այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը:

Ջեսահի «Սպանություն դրախտում» գիրքը յոթերորդն է։ Երբ դրախտում խաղաղությունը խաթարվում է անսպասելի և սարսափելի սպանություններով, հրեշտակապետներն ընկնում են անելանելի դրության մեջ։ Դեպքերը բացահայտելու և վերահաս վտանգները կանխելու համար նրանք դժոխքից օգնության են կանչում փորձառու քննիչ Իսայանին։ Նրա առաքելությունը բարդ է և արկածներով լի: Որո՞նք են այդ խորհրդավոր հանցագործությունների շարժառիթները: Ո՞վ է համարձակվել խախտել Երկնքի և Երկրի հավասարակշռությունը և անբիծ միջավայր բերել մեղքը: Իսայանի ուղին անցնում է դժոխքի մռայլ թագավորությունից մինչև դրախտի շողացող պարտեզները՝ բացահայտելով գաղտնիքներ, որոնք պտտվում են անցյալի և ներկայի Հայաստանի շուրջ։ Կիրականացնի՞ արդյոք քննիչն իրեն վստահված առաքելությունը, կկարողանա՞ քանդել այս խճճված հանգույցը։ Ջեսահի «Սպանություն դրախտում» վեպը պատմություն է բարու և չարի բախման, վախի և հուսահատության մեջ հույսի փնտրտուքի մասին:

Իրադարձությունները զարգանում են հետադարձ անդրադարձումներով, և ամեն քայլափոխին ճշմարտությունը դառնում է ավելի վտանգավոր, քան ցանկացած սուտ։

Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:

Արմեն Վարդանյանի «Մի անգամ Երևանում» գիրքը իններորդն է։ Իրադարձությունները ծավալվում են 1993 թվականի ձմռանը: Արտակը և Գնելը եղբայրներ են, որոնք ներկայացնում են 90-ականների երիտասարդության երկու հակառակ բևեռները։ Արտակը սովորում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, ՈՒՀԱ-ի թիմի ավագ է, աղջիկների սիրելին: Գնելը տաղանդավոր ըմբշամարտիկ է և թաղային հեղինակություն: Բուհ, փողոց, սիրային եռանկյունիներ: Եվ այդ ամենը՝ 90-ականների անմարդկային պայմաններում, ինչը երիտասարդներն անտեսում էին՝ փորձելով ապրել... Ապրել իրենց բաժին հասած երիտասարդ տարիները։

«Դիցային. Արմկոն»-ը (հայ ֆանտաստ գրողների պատմվածքների ժողովածու) տասներորդ տեղում է։ Ժողովածուում զետեղված են հայ ֆանտաստ գրողների՝ «Դիցային» խորագրով անցկացված «ԱՐՄԿՈՆ» գրական մրցույթի ստեղծագործություները: «Դիցայինը» մեր հարուստ ժառանգության մանրապատկերն է՝ նոր խնդիրներով հին աստվածներից ու միջնաբերդյան պատմություններից մինչև վիշապների գաղտնիքներ:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ»Դավինչի135
2+1Սյունե Սևադա, «Արիության մետաղ»Newmag92
3նոր476369788_1673629103564682_4124464532501311010_n.jpgԱվետ Բարսեղյան, «Հայելիս» Newmag78
4-2Ռաֆայել Մարգարյան, «Օգնիր սրտիս բաբախել»  հեղ հրատ․60
5-1Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում»հեղ հրատ․55
6-1Աշոտ Աղաբաբյան, «Նմանակը»հեղ հրատ41
7նոր14286fa09564612cd07ec08a3b3adcd9.jpgՋեսահ, «Սպանություն դրախտում»Անտարես35
8*Վազգեն Սարգսյան, «Էս ի՞նչ եք անում, տղերք»  Վերնատուն34
9նոր00-00209859.jpgԱրմեն Վարդանյան, «Մի անգամ Երևանում»հեղ հրատ․26
10-4«Դիցային․ Արմկոն»  Բուկինիստ24
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում