Նոր գիրք

«Նոր գիրք»-18/25. Ռուշդի, Համբարձումյան, արքեպիսկոպոս Գալստանյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-18/25. Ռուշդի, Համբարձումյան, արքեպիսկոպոս Գալստանյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: 

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Սալման Ռուշդի, «Հաղթանակի քաղաքը» 

494575530_996544499309894_1519257261735430910_n.jpg

Ժամանակակից գրականության ամենահեղինակավոր և սկանդալային դեմքերից մեկի` բրիտանացի գրող Սալման Ռուշդիի «Հաղթանակի քաղաքը» պատմական ֆանտազիա է, վեպ-առասպել, որը միջնադարյան Վիջանայագարա կայսրության ծագման, զարգացման, վերելքի և անկման իրական պատմությունն է` ներկայացված արևելյան հեքիաթի ոճով: Վեպի հերոսուհին` Պամպա Կամպանան, աստվածային շնորհ ստանալով կարողանում է սովորական սերմերից քաղաք աճեցնել` տներով, տաճարներով, դղյակներով ու բնակիչներով: Այնուհետև յուրաքանչյուր բնակչի ականջին շշնջում է քաղաքի` իր իսկ հորինած պատմությունը, որից հետո անհնար էր այդ մարդկանց համոզել, թե իրենց քաղաքն ընդամենը մի քանի օրվա և ոչ թե դարավոր պատմություն ուներ: Պամպան ցանկանում էր ստեղծել բազմակրոն, բազմամշակույթ քաղաք, որտեղ կծաղկեին կրթությունը, գիտությունները, արվեստները, որտեղ բոլոր ազգերը, ռասաները, կրոններն ու սեռերը հավասար իրավունքներ կունենային ու կապրեին կողք-կողքի, բարեկամաբար: Սակայն դա ընդամենն ուտոպիա էր, իսկ իրականությունն ավելի դաժան էր: Քաղաքը կործանվում է, քանի որ «պատմությունը մոռանալը հնարավոր է դարձնում պատմական հանցագործությունների կրկնությունը»:

Թարգմանությունն անգլերենից՝ Արուս Մարգարյանի: Խմբագիր՝ Շողեր Խաչատրյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Նաիրա Համբարձումյան, «Հեքիաթը, որ աստղ դարձավ»

495046809_1136345548298328_8503516160474757915_n.jpg

Հեքիաթների գիրք՝ ծնված երազանքներից ու դարձած լույս: Այս գիրքը՝ գրված սիրով և հոգատարությամբ, նվիրված է աշխարհի բոլոր մանուկներին և այն մեծահասակներին, ովքեր չեն մոռացել, թե ինչպես է պետք երազել մանկության ժամանակ։

Մի փունջ խորհրդավոր առակահենք հեքիաթներ, որտեղ յուրաքանչյուր պատմություն զանգակածաղկի նման յուրօրինակ ղողանջ ունի։ Այդ հեքիաթները բացահայտում են կյանքի խոր իմաստը չսպասված` այլ տեսանկյունից՝ հիշեցնելով մեզ, որ հեքիաթները պարզապես պատմություններ չեն։ Դրանք մարդկանց թաքուն երազանքներն են, որոնք մի օր ճախրում են տիեզերք… և վերածվում են աստղերի։Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, «Ինքներս մեզ հաղթելով»

494576515_1228742252290176_4265487577171974296_n.jpg

Այս գիրքը Հայաստանի նորագույն պատմության անկյունաքարային դրվագների վերլուծությունն է պետություն-եկեղեցի-ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից: Գրքում մեկտեղված են հեղինակի զրույցները և հոդվածները պետության, ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու և առընթեր թեմաներով։ 

Գիրքը Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ուղեցույց է, ճանապարհ դեպի ավելի ամուր և հոգևոր արժեհամակարգով զինված Հայաստան: 

Հեղինակն այս աշխատությամբ ընթերցողին պատգամում է հանուն Հայաստանի հաղթահարել բոլոր խոչընդոտները, հիշեցնում, որ պայքարի առաջին քայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը:Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում