«Նոր գիրք»-14/25. Սիմենոն, Սորրենտինո, Միլս
3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն
Ժորժ Սիմենոն, «Կոմիսար Մեգրե․ Մեգրեն պաշտպանվում է»
Կեսգիշերին Մեգրեն պատասխանում է մի երիտասարդ կնոջ հեռախոսազանգին, ու որոշ ժամանակ անց պարզվում է, որ մեղադրվում է այդ կնոջը բռնաբարելու մեջ:
Կոմիսար Մեգրեին զրպարտել են, ըստ երևույթին, նրան արագ պաշտոնանկ անելու համար: Ո՞վ, ինչո՞ւ, ո՞ւմ հանգիստ չի տալիս կոմիսարը, որի թոշակի անցնելուն մնացել է ընդամենը երեք տարի: Չնայած իր ճանապարհին կանգնած բոլոր արգելքներին ու խոչընդոտներին՝ նա չի հանգստանա, քանի դեռ չի պարզել՝ ով է սկսել այդ կեղտոտ խաղը, չի հանգստանա, մինչև չմաքրի իր անունն ու չպարզի՝ ինչ է տեղի ունեցել այդ գիշեր: Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Կյարա Սորրենտինո, «Բառ որսողները»
Մի ձկնորսական նավակ կա, որ մութ գիշերով երկինքը հատում՝ ամպերի մեջ լողացող բառեր է որսում։ Բառորսների աստղահյուս ուռկանն ի՜նչ ձևի ու տեսակի բառեր ասես չեն ընկում։ Բայց մի մեծ պսպղուն բառ կա, որ ոչ մի կերպ չի ուզում բռնվել։ Մեր պատմությունը երազների, բառերի զորության ու երջանկության գաղտնիքի մասին է։ Թարգմանությունը՝ Նունե Թորոսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Փասատավավերագրական գրականություն
Ալդեն Միլս, «Անպարտելի թիմեր»
«Անպարտելի թիմեր»-ը վկայում է, որ ճիշտ ղեկավարման պայմաններում սովորական մարդիկ կարող են հասնել արտակարգ արդյունքների: Հենվելով բիզնեսի և ռազմական ոլորտներում գրանցված բացառիկ հ ջողությունների վրա՝ Միլսը բացահայտում է անհնարինը հնարավոր դարձնող թիմերի կառուցման գաղտնիքները: Կարդացեք այս գիրքը և առաջնորդեք ձեր թիմին անելանելիությունից դեպի անսահման հնարավորություններ: Գիրքը լույս է ընծայել Corporate Library-ն: