«Նոր գիրք»-15/25. Արշակյան, Պիրանդելլո, Դուեք
3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ
Մհեր Արշակյան «Ուրիշի օրագրեր»
«Ուրիշի օրագրերը» չունի ավանդական օրագրային կառուցվածք: Այնտեղ օրեր չկան, զուտ օրերից պոկված մտքեր ու զգացումներ են, որոնք նշանավորում են կյանքի ցանկացած իրադարձության անավարտությունը՝ միաժամանակ այն դարձնելով ներաշխարհի լուսանկար: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն
Լուիջի Պիրանդելլո, Պիեսներ
Գրքում տեղ են գտել իտալացի գրող, դրամատուրգ Լուիջի Պիրանդելլոյի «Այդպես է (եթե ձեզ այդպես է թվում)» պիես–առակը և հեղինակին համաշխարհային հռչակ բերած եռագրությունը՝ «Վեց կերպար հեղինակ որոնելիս», «Յուրաքանչյուրն իր ձևով» և «Այս երեկո իմպրովիզ ենք անում»:
Եռագրության պիեսները ներկայացնում են տարբեր թատերական իրադարձություններ, առաջինը՝ ներկայացման փորձ, մյուս երկուսը՝ թատերական ներկայացումներ, մինչդեռ առակը, ինչպես հուշում է վերնագիրը, առաջարկում է մտորումներ կյանքի, իրականության և պատրանքների մասին: Գիրքը նախատեսված է թատերասերների և ընթերցողների լայն շրջանակի համար: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Փասատավավերագրական գրականություն
Քերոլ Դուեք, «Մտածելակերպ»
Տասնամյակների տքնաջան հետզոտություններից հետո Սթենֆորդի համալսարանի համաշխարհային ճանաչում վայելող հոգեբան Քերոլ Ս. Դուեքը բացահայտեց մի պարզ, սակայն հեղափոխական գաղափար՝ մտածելակերպի զորությունը: Այս փայլուն գրքում նա ցույց է տալիս, թե ինչպես կարող է հաջողությունը դպրոցում, աշխատավայրում, սպորտում, արվեստում և մարդային գործու նեության գրեթե բոլոր ոլորտներում էականորեն պայմանավորված լինել նրանով, թե ինչպես ենք մենք ընկալում մեր տաղանդներն ու կարողությունները։ Գիրքը լույս է ընծայել Corporate Library-ն։