Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, մարտ, 2025

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, մարտ, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մարտի վաճառքների։

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքն առաջին տեղում է։ Գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Երկրորդ տեղում է Ռիչարդ Կոխի «80/20-ի սկզբունքը»։ Պատկերացրեք, որ արդյունքի 80%-ը կարող եք ձեռք բերել ընդամենը 20% ջանքերով: Առաջին հայացքից անհավանական թվացող, բայց գիտականորեն ապացուցված այս պնդումն է ընկած «80/20 սկզբունքը» գրքի հիմքում, որն ուսումնասիրելով կարող եք բացահայտել գործողությունների, ջանքերի այն չնչին մասը՝ մոտ 20%-ը, որը հանգեցնում է արդյունքների զգալի՝ 80%-ին:

Լուիզա Հեյի «Աշխատանք հայելու հետ» գիրքը երրորդ տեղում է։ Այս գիրքը կօգնի բարելավել ձեր կյանքի որակը և հասնել ներքին ներդաշնակության։ 21 օրվա ընթացքում, գործնական, վարժությունների և աֆֆիրմացիաների միջոցով, դուք կսովորեք՝ զարգացնել ձեր ստեղծագործական ներուժը,  հաղթահարել դիմադրությունը՝ դրական փոփոխությունների նկատմամբ, ազատվել անառողջ ինքնաքննադատությունից, բարձրացնել ինքնագնահատականը, նորովի ինքնաարժևորել և ընդունել ձեր անձը,  ձեռք բերել ինքնավստահություն, սիրել և խնամքով վերաբերվել ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց, ձերբազատվել սթրեսի մշակման զգացումից, անհիմն վախերից և զայրույթից,  ներել հին վիրավորանքները և առաջ շարժվել։

Արա Թադեւոսյանի «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» չորրորդ տեղում է։ «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը 2013-ից 2019-ը թվականներին Հայաստանում Ռուբեն Վարդանյանի ծավալած գործունեության մասին է: Գիրքը ցույց է տալիս Հայաստանի, Արցախի եւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան՝ բազմաթիվ փաստեր, վկայություններ եւ աշխատանքային փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ:

Գրքում նաեւ նորովի են ներկայացվում 2016-2017 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փաստացի հող նախապատրաստեցին 2018-ի իշխանափոխության համար:

Հինգերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» վեցերորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Յոթերորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» ութերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:

Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» իններորդն է։ Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։ 

Տասներորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

Տեղ Փոփոխ․ Գիրք Հրատ․Քանակ
1+2

Ջեյմս Քլիըր,

 «Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ167
2-1

Ռիչարդ Կոխ,

 «80/20-ի սկզբունքը»

Դավինչի145
3+1

Լուիզա Հեյ,

 «Աշխատանք հայելու հետ»

Դավինչի137
4Նոր

Արա Թադեւոսյան,

 «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»»

Մեդիամաքս112
5+1

Ջո Նավարո,

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի107
6*

Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես,

 «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի102
7-2

Էրիկ Բեռն,

 «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Դավինչի81
8*

Ռոբին Շարմա,

 «Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ59
9Նոր

Ծովինար Բարխուդարյան,

 «Վերջին կարմիր շրթներկը»

Newmag58
10*

Նապոլեոն Հիլ,

 «Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ56
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում