«Նոր գիրք»-13/25. Պողոսյան, Սիմենոն, Չարնի
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ
Ալինա Պողոսյան, «Նապաստակի գլուխներ հագած»
Հայկական մի ընտանիք բարեկամական ու ընկերական ճյուղավորումներով Ամերիկայում և Հայաստանում, փորձում է գլուխ հանել ամերիկյան իր իմիգրացիայից, ընտանեկան հարաբերություններից, անցյալից ու ապագայի պլաններից: Կյանքը հոսում Է իր սովորականության մեջ, ու նրանց առօրյա կյանքի նորմալության աննորմալությունը պատմվում է մի այնպիսի նորմալությամբ, որը ոչ թե չհասկանալ է, չծառանալ է, այլ եղածի մեջ կյանքի բնականությունն ու անգամ հույսը տեսնելն է: Կյանքի դարձածալ երեսները թերթվում են պատմողի հուսալի հեռավորությունից, հուսալու տեղից, թեև կերպարների ներքին ու արտաքին կյանքին միշտ խառնված է մնում պատերազմի թեման, որի շնչի մեջ փորձում են կառուցել իրենց օրը՝ երբեմն համբերությամբ, երբեմն ըմբոստությամբ, երբեմն խելագարության հասցնող անկարողությամբ: Հնարավորինս երջանիկ կյանք ունենալու մարտահրավերները դիմագրավում են՝ ցուցաբերելով տարբեր հատկանիշներ ու անցնելով տարբեր կենսափորձեր՝ հաղթահարելու ամերիկյան երազանքի անհեշտ ու ոլոր ճամփաները, որը ավելի հաճախ ծանրություն է, քան ճոխություն:
Տեքստը մեկնարկում է դանդաղ հավաքվող արագությամբ, բայց ինչ-որ պահի թև է վերցնում, բարձրանում ու տարածվում է միչիգանյան լճափերի, դրոնների, բոցենիների, կարկառված ձեռքերի, ցավի, երազի ու երաժշտության վրա: Խմբագիր՝ Աննա Դավթյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն
Ժորժ Սիմենոն, «Կոմիսար Մեգրե․ Մեգրեն դպրոցում»
Փարիզյան մի գեղեցիկ ու արևաշող օր, երբ Մեգրեն երազում էր սպիտակ գինու և ոստրեների մասին, քաղաքամերձ փոքրիկ գյուղից մի ուսուցիչ մոտեցավ կոմիսարին՝ խնդրելով ապացուցել իր անմեղությունը:
Սպանվել է տարեց կին՝ փոստի նախկին աշխատակցուհին, որին գյուղում ոչ ոք չէր սիրում, բայց բնակիչները ավելի լավ բան չէին կարողացել մտածել, քան մեղադրել եկվոր ուսուցչին, որի ընտանիքը չէր մերվել իրենց հետ: Խոսքը ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների մասին է:
Շատ արագ պարզվում է, որ մեծ մասը հստակ, թե ով է մարդասպանը, բայց շարունակում է համառել, և եթե չխանգարեն էլ հետաքննությանը, օգնություն չեն ցուցաբերում ու թաքցնում են մի շարք կարևոր փաստեր: Գյուղացիները բնակիչներին բաժանել են «բարեկամների ու թշնամիների» և, չնայած պանդոկում տեղի ունեցող կանոնավոր հավաքներին, ամենափոքր սպառնալիքի դեպքում անգամ նրանք անմիջապես սկսում են պաշտպանվել:
Մեգրեն ստիպված է լինում գործ ունենալ ամենավտանգավոր կասկածյալների՝ անչափահասների հետ: Նա ինքն էլ մեծացել էր նմանատիպ գյուղում և, ամեն քայլափոխի նման պահեր նկատելով մարդկանց վարքի ու աշխարհայացքի մեջ, սկսում է աստիճանաբար, առանց շտապելու բացահայտել սպանությունը:
Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Փաստավավերագրական գրականություն
Իսրայել Վ․ Չարնի, «Իսրայելի չկայացած արձագանքը Հայոց ցեղասպանությանը»
Ժխտողականություն, պետական խաբեություն, ճշմարտությունը ընդդեմ պատմության քաղաքականացման
Երբ Թուրքիան պահանջեց չեղարկել բոլոր այն զեկույցները, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը Իսրայելի՝ Հոլոքոստի և ցեղասպանությունների վերաբերյալ անցկացվող առաջին միջազգային գիտաժողովում, և արգելել հայ բանախոսների մասնակցությունը, Իսրայելի կառավարությունը չհակառակվեց այդ պահանջին։
Այս գիրքը ներկայացնում է հեղինակի համառ և համարձակ պայքարի մասին՝ սեփական կառավարության դեմ՝ ի պաշտպանություն խոսքի ազատության։ Հեղինակը ոչ միայն կարողանում է անցկացնել գիտաժողովը՝ հաղթահարելով գրաքննությունը, այլև ներկայացնում է մի իսկական քաղաքական դետեկտիվ՝ հիմնված Իսրայելի Արտաքին գործերի նախարարության նախկինում գաղտնի համարված փաստաթղթերի վրա։
Գիրքը խորությամբ ուսումնասիրում է նաև Իսրայելի՝ այլ ժողովուրդների ցեղասպանությունների հանդեպ հաճախ անարդար և ցավալի դիրքորոշումը։ Առանձին ուշադրության են արժանանում Էլի Վիզելի և Շիմոն Պերեսի կերպարները, թե ինչպես են նրանք միջամտել այլ ժողովուրդների և հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։
Գրքում տեղ են գտել նաև հատուկ բաժիններ թուրք, հայ և հրեա ժամանակակիցներից՝ Ռագըփ Զառաքօղլու, Ռիչարդ Հովհաննիսյան, Մայքլ Բերենբաում։ Ռագըփ Զարաքօղլուն տարիներ է անցկացրել թուրքական բանտերում իր դիրքորոշման համար։ Ռիչարդ Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության թեմայով առաջին հեղինակներից է, և հրեա մտավորական Մայքլ Բերենբաումը՝ պատասխանատու Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանի բովանդակության ընտրության համար։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը: