«Նոր գիրք»-15/26. Ուեյն, Բալերինի, Գասպարյան
5 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն․Էլիզաբեթ Ուեյն, «Ծածկանունը Վերիթի»

Հակառակ այն տարածված կարծիքի, որ շատ դեպքերում կանանց միջև պարզ, անկաշառ և ազնիվ ընկերություն պարզապես հնարավոր չէ, 2012թ-ին լույս տեսած այս հրաշք գիրքը գալիս է ևս մեկ անգամ հակառակն ապացուցելու։ Երկրորդ համաշխարհային պատերազմ, կանանց ոչ այնքան ցանկալի ներգրավվածությունը պատերազմի մեջ, տղամարդկանց թերահավատ վերաբերմունքը նրանց կարողություններին... և այս ամենի ֆոնին երկու կնոջ՝ միմյանց աջակցելու, իրար լուռ հասկանալու և, սեփական «ես»-ի վրայով քայլ անելով, մյուսին անմարդկային տանջանքներից ազատելու՝ առաջին հայացքից պարզ թվացող, բայց իրականում շատ ավելի բարդ և անձնուրաց մի պատմություն։ Երբ նույն անմարդկային իրավիճակում գտնվող մյուս գերիներն անպատվում ու թքում են հերոսուհու վրա, նա շարունակում է անել այն, ինչի համար ժամանել էր Ֆրանսիա, բայց մշակութային մի հիմար սխալ թույլ տալու պատճառով հայտնվել էր Գեստապոյի շենքում, ենթարկվել կտտանքների ու գործարք կնքել նրանց հետ։ Գործարք, որ սևացրեց նրա անունը մյուսների մոտ, բայց իրականում «դավաճանական խոստովանության» տակ թաքնված լիովին այլ բան ի ցույց բերեց։ Գիրքը լույս է ընծայել «Բիբլիոն»-ը:
Մանկապատանեկան գրականություն․ Լուիջի Բալերինի, «Անակնկալ Սինյորինա Դարչինի համար»

Նոր կյանքը պետք է ամեն ինչում լինի նորովի: Բայց ի՞նչ անել, եթե անցյալը հանգիստ չի տալիս: Սինյորինա Դարչինն ամուսնացել է, տեղափոխվել հրաշալի տուն և առաջվա պես շարունակում է բոլորին օգնել: Նրա քաղցրավենիքները հրաշքներ են գործում. ստիպում են հավատալ սեփական ուժերին, հաղթահարել անհաջողությունը, կարևոր որոշում կայացնելու համարձակությամբ համակում: Սակայն Դարչիի կյանքում կան պատմություններ, որոնց շուրջ նա խուսափում է մտածել, մինչև այն պահը, երբ տան շեմին հայտնվում է մի պատանի` ուսապարկով և ջութակի պատյանը ձեռքին: Սինյորինա Դարչինը պատրաստ է ուղղել վաղեմի սխալները և ամեն ինչ մաքուր էջից սկսել: Թեպետ դա սկզբում շատ ավելի դժվար է թվում, քան միլիոնավոր հրաշագործ թխվածքաբլիթներ պատրաստելը:
Իտալացի գրող, լրագրող, սցենարիստ Լուիջի Բալլերինին (ծնված 1940 թ.), խոհարարության մեծ գիտակ է. Նրա խմբագրությամբ հրատարակվել է այս արվեստին նվիրված մի քանի հանրագիտարան: 2014 թվականին «Սինյորինա Դարչինը» գիրքը, որը բաղկացած է 3 մասից, Իտալիայում արժանացել է երիտասարդական գլխավոր մրցանակին՝ «Պրեմիո Անդերսենին»՝ 8-12 տարեկան երեխաների համար նախատեսված «Լավագույն գիրք» անվանակարգում: Գիրքը լույս է ընծայել «Դավինչի»-ն:
Փաստավավերագրական գրականություն․ Դավիթ Գասպարյան, «Պարույր Սևակ: Կյանքը և ստեղծագործությունը»

Մենագրությունը նվիրված է մեծ բանաստեղծի կյանքի և ստեղծագործության վերլուծությանը: Բանաստեղծ, որ դժվարին ժամանակներում հավատարիմ մնաց մուսաների անեղծ ընկերությանը և իր անունն ընդմիշտ գրանցեց հայ գրականության պատմության մեջ:
Պարույր Սևակին նվիրված՝ Դ. Գասպարյանի երկրորդ մենագրությունն է: Առաջինը լույս է տեսել 2001 թվականին («Զանգակ», 464 էջ): Հասցեագրվում է բոլոր նրանց, ում թանկ է Պարույր Սևակի անունն ու գործը:
Խմբագիր՝ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Ա. Հովհաննիսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: