«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2025
10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:
Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» գիրքն առաջին տեղում է։ Գիրքը Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի շարունակությունն է, որտեղ բոլոր հարցերը, անգամ չտրվածները, ստանում են իրենց պատասխանները, իսկ պատմությունը՝ իր անհավանական հանգուցալուծումը։ Վերջին դժբախտությունն Էսթերի մեջ սպանում է երբեմնի կենսուրախ աղջկան. երիտասարդ նկարչուհին ամիսներով փակվում է իր սենյակում՝ ինքն իրեն անջատելով արտաքին աշխարհից: Բայց արտերկրից ժամանած ընկերուհին խոստանում է փրկել իրավիճակը և առաջարկում մի քանի օրով մեկնել Լոռի՝ գեղատեսիլ գյուղերից մեկում հանգստանալու։ Եվ ահա երկու ընկերուհիներ մեծ խմբի հետ միասին անցնում են գյուղից 13 կիլոմետր այն կողմ գտնվող թունելը՝ չգիտակցելով, որ մուտքն այդ հրեշավոր գետնուղով տանում է դեպի աներևակայելի սարսափներով լի նոր իրականություն:
Երկրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Հովիկ Աֆյանի «Խոզի տարի»-ն երրորդ տեղում է։ Կարելի է ասել, որ այս պատմությունը ցեխի ու գետի տարբերության մասին է, ընդ որում ո՛չ ցեխն է ցեխ, ո՛չ գետն է գետ, պարզապես մարդն է՝ ցեխի ու գետի մեջ: Ու եթե մարդը, ուրեմն երկիրը:
Կարելի է նաև ասել, որ այս պատմությունը պատմական վիրահատության մասին է, երբ մարդուն տալիս են խոզի սիրտ, ընդ որում հա՛մ մարդն է մարդ, հա՛մ խոզն է խոզ: Ու եթե մարդուն, ուրեմն երկրին: Վերջապես կարելի է ասել, որ այս պատմությունը «Հրե դատաստանի» մասին է, որտեղ մեղադրողը ոչ պակաս մեղավոր է: Բայց թող այս պատմությունը լինի մի՝ լողալ սովորած մարդու մասին, որը մտնում է գետն ու լողում հոսանքին հակառակ՝ վստահ լինելով, որ միայն այդպես է հնարավոր անհնարին հաղթանակը: Կարելի է ասել՝ այս պատմությունը վեպ է, այն էլ առաջին հաղթանակի մասին՝ մարդու: Ու եթե մարդու, ուրեմն երկրի:
Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը» չորրորդ տեղում է։ «Նմանակը» վեպը Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է: Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող այս բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ: Գեղարվեստական վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջևանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է: Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»: Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ երեք տարի «աշխատում» է խորհրդարանում՝ մինչև բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից: Հասկանալի պատճառով թուրք պատգամավորի և որոշ գործող անձանց անունները փոխված են: «Նմանակը», այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը:
Սյունե Սևադայի «Արիության մետաղ»-ը հինգերորդ տեղում է։ Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը վեցերորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85-ամյակին ընդառաջ հրատարակված «Շշուկի նման» ժողովածուն յոթերորդ տեղում է: Ժողովածուում ներկայացված են գործեր Դավոյանի բանաստեղծական ժառանգությունը ներկայացնող հրատարակություններից։ Գրքում տեղ են գտել նաև նրա հեղինակած մի քանի փոքրածավալ անտիպ գործեր:
Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» գիրքը ութերորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից... Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:
Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը իններորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:
Տասներորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ:
Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
1 | Նոր | ![]() | Ռուբեն Եսայան, «Մարդասպանը ես եմ» | Զանգակ | 1572 |
2 | -1 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 98 |
3 | Նոր | ![]() | Հովիկ Աֆյան, «Խոզի տարի» | Անտարես | 64 |
4 | +2 | ![]() | Աշոտ Աղաբաբյան, «Նմանակը» | հեղ հրատ | 30 |
5 | -3 | ![]() | Սյունե Սևադա, «Արիության մետաղ» | Newmag | 30 |
6 | -1 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» | հեղ հրատ | 26 |
7 | Նոր | ![]() | Ռազմիկ Դավոյան, «Շշուկի նման» | հեղ հրատ | 26 |
8 | -4 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Օգնիր սրտիս բաբախել» | հեղ հրատ | 23 |
9 | * | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ» | Դավինչի | 18 |
10 | * | ![]() | Վարդգես Պետրոսյան, «Ապրած և չապրած տարիներ» | Դարակ | 18 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: