Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Զոհի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մարտ, 2025

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Զոհի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մարտ, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մարտի վաճառքների հիման վրա: 

Մայք Օմերի «Զոհի աչքերով»-ն առաջին տեղում է։ Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։

Աննա Ջեյնի «Երկրպագուն» գիրքը երկրորդ տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ու՞մ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքները արված են:

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» գիրքը երրորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Քրիս Յուանի «Տան որսը» չորրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:

Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։

Ագաթա Քրիստիի «Երրորդ աղջիկը» հինգերորդ տեղում է։ «Երրորդ աղջիկը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1966-ին։ Այս անգամ Էրքյուլ Պուարոյին սովորականից առավել տարօրինակ մի գործ է սպասում գլուխ բերել, քանի որ ամեն բան սկսվում է անսպասելի այցելուի՝ Նորմա Ռեսթրիքի ասած մի պարզ, բայց միևնույն ժամանակ առաջին հայացքից անհեթեթ թվացող նախադասությունից. «Հնարավոր է՝ սպանություն եմ գործել»։ Ու թեև հենց նույն պահին աղջիկը հրաժարվում է Պուարոյի ծառայություններից՝ համարելով նրան շատ ծեր, վերջինս որոշում է պարզել ճշմարտությունը։ Ու ամեն բացահայտված նոր փաստ, որ իրականում ավելի ու ավելի է խճճում առաջին հայացքից պարզ թվացող իրադարձությունների շարքը, գործի հետ առնչություն ունեցող մարդկանց ով լինելն ու նրանց արարքների դրդապատճառները, ի վերջո օգնում է Պուարոյին այդ մեծ գլուխկոտրուկի յուրաքանչյուր մասնիկ դնել իր տեղում, և ընթերցողի առջև հայտնվում է լիովին անսպասելի մի պատկեր։

Ալբեր Կամյուի «Օտարը» վեպը վեցերորդ տեղում է: 1942 թվականին լույս տեսած իր առաջին՝ «Օտարը» վեպում Ալբեր Կամյուն գեղարվեստականորեն առարկայացնում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության վերաբերյալ իր հայացքները: Այդ հայացքները մարմնավորող վեպի գլխավոր հերոսի գլխավոր առանձնահատկությունը կեղծավորության ու ստի հանդեպ ատելությունն է, հավակնությունների գրեթե բացակայությունը, անգամ, եթե այդ ամենը հակասում է սեփական շահերին: Թարգմանությունը՝ Աննա Հակոբյանի: 

Ագաթա Քրիստիի «Մեծ քառյակը» յոթերորդ տեղում է։ «Մեծ քառյակը»՝ Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ պատմությունը, առաջին անգամ հրատարակվել է 1927թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպերից, քանի որ այն իրենից ներկայացնում է միմյանց հետ կապված պատմությունների շարք, որոնցում Պուարոն Հասթինգսի օգնությամբ փորձում է բացահայտել Մեծ քառյակի՝ միջազգային հանցավոր խմբավորման առեղծվածը, որի անդամները ջանք չեն խնայում Պուարոյին վերացնելու համար: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։

Ութերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Մարկ Լեւիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» իններորդ տեղում է։ «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը (2011) ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լեւիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն։ Հետեւելով բախտագուշակի կանխասումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի Թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն: Այնտեղ Ալիսը բացահայտում է իր կյանքի իրական պատմությունը։ Թարգմանությունը ֆրանսերենից ՝ Ռուզան Միրզոյանի։

Տասներորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1+1Մայք Օմեր, «Զոհի աչքերով»Դավինչի141
2-1Աննա Ջեյն, «Երկրպագուն» Բուքփրայզ129
3+4Տոշիկազու Կավագուչի, «Նախքան սուրճը կսառի» Դավինչի63
4+1Քրիս Յուան, «Տան որսը» Դավինչի62
5-1Ագաթա Քրիստի, «Երրորդ աղջիկը»Էդիթ Պրինտ57
6*2027db12e3c3c90f64de86e087f95570.jpgԱլբեր Կամյու, «Օտարը»Անտարես45
7*Ագաթա Քրիստի, «Մեծ քառյակը»Էդիթ Պրինտ43
8*Հերման Հեսսեի «Սիդհարթա»  Քյուրքչյան42
9*Պարոն-Դալդրիի-տարօրինակ-ճամփորդությունը-01.jpgՄարկ Լեւի, «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» Անտարես38
10-7Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել»Զանգակ38

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը։

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում