Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-12/25. Աֆյան, Նորթափ, Ստիվենսոն, Տուրկոնի

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-12/25. Աֆյան, Նորթափ, Ստիվենսոն, Տուրկոնի

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Հովիկ Աֆյան, «Խոզի տարի» 

488680640_1202699018139839_216480636384054012_n.jpg

Կարելի է ասել, որ այս պատմությունը ցեխի ու գետի տարբերության մասին է, ընդ որում ո՛չ ցեխն է ցեխ, ո՛չ գետն է գետ, պարզապես մարդն է՝ ցեխի ու գետի մեջ: Ու եթե մարդը, ուրեմն երկիրը:

Կարելի է նաև ասել, որ այս պատմությունը պատմական վիրահատության մասին է, երբ մարդուն տալիս են խոզի սիրտ, ընդ որում հա՛մ մարդն է մարդ, հա՛մ խոզն է խոզ: Ու եթե մարդուն, ուրեմն երկրին: Վերջապես կարելի է ասել, որ այս պատմությունը «Հրե դատաստանի» մասին է, որտեղ մեղադրողը ոչ պակաս մեղավոր է: Բայց թող այս պատմությունը լինի մի՝ լողալ սովորած մարդու մասին, որը մտնում է գետն ու լողում հոսանքին հակառակ՝ վստահ լինելով, որ միայն այդպես է հնարավոր անհնարին հաղթանակը: Կարելի է ասել՝ այս պատմությունը վեպ է, այն էլ առաջին հաղթանակի մասին՝ մարդու: Ու եթե մարդու, ուրեմն երկրի:

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Սոլոմոն Նորթափ, «12 տարվա ստրկություն»

491012413_1197338792097692_8056902904490696715_n.jpg

Օսկարի՝ «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակի դափնեկիր, Բրիտանական կինոակադեմիայի լավագույն ֆիլմ, «Ոսկե գլոբուսի» թեկնածու:

Իրական պատմություն Սոլոմոն Նորթափի մասին, որը ծնվել էր ազատ, բայց առևանգվել և ստրկության էր վաճառվել:

Տասներկու տարվա քայքայիչ շահագործումից, տանջանքներից և ազատվելու անհաջող փորձերից հետո Սոլոմոնը կարողանում է փրկվել և վերադառնալ իր ընտանիքի մոտ:

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1853 թվականին: Այս արտասովոր իրական պատմությունը քաղաքացիական պատերազմին նախորդող տարիներին հզոր ձայն էր ստրկության շուրջ բանավեճ-քննարկումներում: Գիրքը անըմբռնելի անարդարության և դաժանության դեմ մի մարդու քաջության և համոզմունքի վկայությունն է, որի ազդեցությունը ամերիկյան պատմության ընթացքի վրա չի կարելի թերագնահատել: 

Անգլերենից թարգմանությունը` Էլիզա Մկրտչյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն 

Սըր Ստիվ Ստիվենսոն, Ստեֆանո Տուրկոնի, «Ագաթա Միստերի։ Բենգալիայի մարգարիտը»

490752600_1328441305086531_945591052276588087_n.jpg

Բենգալիայի սքանչելի մարգարիտը հափշտակվել է Կալի աստվածուհու տաճարից, իսկ անգին գանձի պահապանն ասես անհետացել է անէության մեջ։ Միստերի զարմիկները հավաքում են ճամպրուկներն ու նստում Հնդկաստան ուղևորվող առաջին ինքնաթիռը։ Այն- տեղ նրանց սպասում են հախուռն բնավորությամբ հորեղբայր Ռայմոնդը և հանդիպումներ օձերի ու վագրերի հետ…Թարգմանիչ՝ Հասմիկ Եղիազարյան։

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում