Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-10/25. Գլաթաուեր, Պավլովա, Թադևոսյան

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-10/25. Գլաթաուեր, Պավլովա, Թադևոսյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Դանիել Գլաթաուեր, «Լավագույնը հյուսիսային քամու դեմ»

Դանիել Գլաթաուերի՝ 2006 թվականին լույս տեսած «Լավագույնը հյուսիսային քամու դեմ» վեպը պատմում է տառասխալի պատճառով սկսված էլեկտրոնային նամակագրության մասին, որը շոշափում է ժամանակակից մարդու, վիրտուալ իրականության և դրա հետ նրա հարաբերությունների խնդիրները։

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Թարգմանիչ՝ Լիանա Սաֆարյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Նինա Պավլովա, «Մի վհուկ, մի կատու, ու պրծավ- գնաց»

Յոթ տարեկան Գենկայի հայրիկն ու մայրիկն անհետ կորել են Աֆրիկայի ջունգլիներում: Հրաշք է պետք, որ գտնվեն: Բայց հրաշքները փողոցում թափած հո չե՞ն, որ հավաքես: Ա՛յ, հարևան վհուկի ձեղնահարկում... Շատ էլ, թե նրա տունը թունավոր օձերով ու արյունարբու հսկաներով է լցված. հանուն ծնողների Գենկան ամեն սխրանք կգործի:

Արի ու տես, որ ուրիշ մեկն էլ է հրաշքի մասին երազում: Գենկան վհուկի ձեղնահարկում պարոն Բլեքին է հանդիպում՝ մի կախարդի, որին հարյուր տարի առաջ վհուկը կատու էր դարձրել: Իսկ թե նրանց ի՛նչ զարմանալի արկածներ ու անհավանական բացահայտումներ են սպասում, ինքդ կիմանաս, երբ գիրքը կարդաս...Նկարազարդումը՝ Տատյանա Տոկարևայի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Արա Թադեւոսյան, «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»»

«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը 2013-2019-ը թվականներին Հայաստանում Ռուբեն Վարդանյանի ծավալած գործունեության մասին է:

Գիրքը ցույց է տալիս Հայաստանի, Արցախի եւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան՝ բազմաթիվ փաստեր, վկայություններ եւ աշխատանքային փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ:

Գրքում նաեւ նորովի են ներկայացվում 2016-2017 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փաստացի հող նախապատրաստեցին 2018-ի իշխանափոխության համար: Գիրքը լույս է ընծայել «Մեդիամաքս մեդիա քոմփանի»-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում