Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «80/20-ի սկզբունքը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, փետրվար, 2025

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «80/20-ի սկզբունքը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, փետրվար, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքների։

Առաջին տեղում է Ռիչարդ Կոխի «80/20-ի սկզբունքը»։ Պատկերացրեք, որ արդյունքի 80%-ը կարող եք ձեռք բերել ընդամենը 20% ջանքերով: Առաջին հայացքից անհավանական թվացող, բայց, գիտականորեն, ապացուցված այս պնդումն է ընկած «80/20-ի սկզբունքը» գրքի հիմքում, որն ուսումնասիրելով կարող եք բացահայտել գործողությունների, ջանքերի այն չնչին մասը՝ մոտ 20%-ը, որը հանգեցնում է արդյունքների զգալի մասին՝ 80%-ին:

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը երկրորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Լուիզա Հեյի «Աշխատանք հայելու հետ» գիրքը չորրորդ տեղում է։ Այս գիրքը կօգնի բարելավել ձեր կյանքի որակը և հասնել ներքին ներդաշնակության։ 21 օրվա ընթացքում, գործնական, վարժությունների և աֆֆիրմացիաների միջոցով, դուք կսովորեք՝ զարգացնել ձեր ստեղծագործական ներուժը,  հաղթահարել դիմադրությունը՝ դրական փոփոխությունների նկատմամբ, ազատվել անառողջ ինքնաքննադատությունից, բարձրացնել ինքնագնահատականը, նորովի ինքնաարժևորել և ընդունել ձեր անձը,  ձեռք բերել ինքնավստահություն, սիրել և խնամքով վերաբերվել ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց, ձերբազատվել սթրեսի մշակման զգացումից, անհիմն վախերից և զայրույթից,  ներել հին վիրավորանքները և առաջ շարժվել։

Հինգերորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Վեցերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Ռոբին Շարմայի «Առօրեական ոգեշնչում» գիրքը յոթերորդ տեղում է։ «Առօրեական ոգեշնչում» գիրքը  ներառում է ամենօրյա ոգեշնչման վերաբերյալ գաղափարներ, որոնք օգնում են մարդկանց գտնել իրենց իրական նպատակը և լինել ավելի արդյունավետ, երջանիկ և հաջողակ։ Շարման մանրամասն նկարագրում է, թե ինչպես փոքր, բայց խելացի քայլերը կարող են փոխել մարդկանց կյանքը՝ զարգացնելով հավատարմություն, սեփական արժանիքների գիտակցում և կյանքը քաջաբար ապրելու կարողություն։ Այս գիրքը պարունակում է նաև շատ արժեքավոր խորհուրդներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դիմակայել դժվարություններին և կյանքի ընթացքում գտնել խորքային և իրական երջանկություն։

Ութերորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։ 

Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը իններորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որը ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ և մատչելի կերպով սովորեցնի ամենակարևորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով...

«Գարեգին Նժդեհ․ Կյանքն ու ստեղծագործությունները» գիրքը տասներորդ հորիզոնականում է։ «Ինքնություն» մատենաշարի սույն հատորն ամփոփում է ռազմական և պետական գործիչ, իմաստասեր, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյանի) «Էջեր իմ օրագրից», «Բաց նամակներ հայ մտավորականությանը», «Խոսք հայ երիտասարդությանը», «Որդիների պայքարը հայրերի դեմ», «Ցեղի ոգու շարժը», «Բանտային գրառումներ», «Խուստուփյան կանչեր» երկերը, որոնք միտված են հայ երիտասարդության, մտավորականության շրջանում ինքնության, ազգային գաղափարների ու նպատակների վերարժևորմանը և հայ ռազմիկի պայքարող, աննկուն ոգու անսասանությանն ու ամրապնդմանը:

ՏեղՓոփոխԳիրք Հրատ․Քանակ
1Նոր

Ռիչարդ Կոխ,

 «80/20-ի սկզբունքը»

Դավինչի334
20

Բոդո Շեֆեր,

 «Հաղթողների 30 օրենքները»

Դավինչի226
3+1

Ջեյմս Քլիըր,

 «Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ218
4Նոր

Լուիզա Հեյ,

 «Աշխատանք հայելու հետ»

Դավինչի209
50

Էրիկ Բեռն,

«Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Դավինչի178
6-5

Ջո Նավարո,

 «Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի167
7-1

Ռոբին Շարմա,

«Առօրեական ոգեշնչում»

Բուկինիստ105
8-1

Ռոբերտ Կիյոսակի,

 «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

Անտարես83
9*

Դեյլ Քարնեգի,

 «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել»

հեղ․ հրատ79
10*

«Գարեգին Նժդեհ․

Կյանքն ու ստեղծագործությունները»

 հեղ․ հրատ77

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում