Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-11/25. Փամուք, Մինաս, դեր Կոլկ

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-11/25. Փամուք, Մինաս, դեր Կոլկ

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Օրհան Փամուք, «Ձյուն»

486172290_1199022588404488_5699371977733200939_n.jpg

Առաջին անգամ 2006 թվականին հրատարակված «Ձյուն» վեպը մասամբ հիմնված է դեպի Կարս գրողի ճանապարհորդական նոթերի ու հիշողությունների վրա:Գլխավոր հերոս Քայի շուրջ ծավալվող վեպը ողբերգության, դրամայի ու հեգնանքի ընդհանուր տարրեր ունի:Կարս քաղաքում ծավալվող դեպքերը հետաքրքրական են նաև հայ ընթերցողին Հայոց Ցեղասպանության թեմային անդրադարձի պատճառով: Թարգմանությունը թուրքերենից՝ Արփի Աթաբեկյանի։

Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Մար Մինաս, «Էրիմենայի դուստրը»

487881918_1384154439274059_6423915962209744370_n.jpg

Հայերն ունեն մի ասացվածք. «Մեկ օրն օտարության մեջ մեկ տարվա է հավասար»։ Քառասուն օր Անդրաշխարհում՝ երկրային կյանքի քառասուն տարի... Այս հեքիաթ-վիպակը հրաշալի մի պատմություն է այն մասին, թե ինչ մեծ գին է պատրաստ վճարելու մարդը սիրո, երջանկության համար:

Ամեն մարդ չէ, որ ի զորու է անցնելու ցավի, վախի, գայթակղության և ժամանակի փորձության միջով։ Ամեն մարդ չէ, որ պատրաստ է հանուն սիրելիի կտրել անցնելու Մահվան Ստվերի Հովիտը, Տառապանքի Բլուրները, Մենության Ավազները, Լացի Կիրճը, Դառը Հոգոցների Անապատը և Տրտմության Գետը։ Միայն անկեղծ և անձնուրաց սիրտն է ի զորու նման սխրանքի։

Ռուսերենից թարգմանությունը Աննա Աբասյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Բեսել վան դեր Կոլկ, «Մարմինը ամեն ինչ հիշում է»

487732828_697169059495816_5897613755752426768_n.jpg

Տրավման արմատապես փոխում է մարդու ուղեղի կառուցվածքը, խախտում նյարդային համակարգի նուրբ հավասարակշռությունը և մարմնի ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբույժ Բեսելվան դեր Կոլկն իր բեսթսելեր աշխատությունում բացատրում է, թե ինչու չեն մոռացվում ցավալի հիշողությունները, ինչպես են դրանք դրսևորվում ֆիզիկական և հուզական խնդիրների տեսքով, և ինչպես կարելի է հաղթահարել դրանց հետևանքները։ Հեղինակն իրական պատմությունների և գիտական հետազոտությունների միջոցով ներկայացնում է նորարար թերապևտիկ մոտեցումներ, որոնք յուրաքանչյուր ընթերցողի կօգնեն վերականգնել հոգեկան ու ֆիզիկական հավասարակշռությունը։

Թարգմանիչ՝ Աստղիկ Սարգսյան, Գոհար Գևորգյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում