«Նոր գիրք»-8/25. Թումանյան, Դենևի, Ֆիցպատրիկ
4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն․ Հովհաննես Թումանյան, «Հովհաննես Թումանյան․ մի ճամփորդ է իմ հոգին։ Հարյուր և մեկ ստեղծագործական ակնթարթ»
«Զանգակ» և «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները համատեղ լույս են ընծայել Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված «Հովհաննես Թումանյան․ մի ճամփորդ է իմ հոգին։ Հարյուր և մեկ ստեղծագործական ակնթարթ» գիրքը։
Առաջին անգամ ժողովածուում մեկտեղվում են բանաստեղծի միայն այն գործերն ու առանձին հատվածներ, որոնք գրականագետները հաճախ անվանում են «խոհափիլիսոփայական»։
Հովհաննես Թումանյանի մահվանը հաջորդող 100 և ավելի տարիներից ոչ մեկը չի եղել առանց նրա կյանքի ու ստեղծագործության մասին որեւէ անդրադարձի, և դրանց հետագիծը գրքի այս բաժիններից մեկն է:
Բանաստեղծություններին զուգահեռ գրքի երրորդ բաժնում ընթերցողը կգտնի Հովհաննես Թումանյանի այս կամ այն ստեղծագործությանը ծնունդ տված դիպվածներ, կամ բովանդակային առումով դրանց առնչվող հեղինակային մտորումներ: Կազմողներ՝ Անի Եղիազարյան, Հայկ Համբարձումյան։
Թարգմանական գրականություն․ Մարկո Դենևի, «Ռոսաուրան ժամը տասին»
1955-ին լույս տեսած «Ռոսաուրան ժամը տասին» վեպը Մարկո Դենևիի առաջին գործն է, որը մեծ հաջողություն է բերել հեղինակին և կանխորոշել նրա գրական ապագան: Չնայած որոշ նմանությանը դետեկտիվ ժանրի գործերին՝ վեպն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ: Եթե․ որպես ընդհանուր կանոն, մյուս վեպերը ներկայացնում են շատ խելացի և դեդուկտիվ մեծ ունակություններով օժտված քննիչի կամ խուզարկուի, որն ապացույցներ ու ցուցմունքներ հավաքելով և դրանք համադրելով լուծում Է հանելուկը, ապա տրագիկոմեդիայի երանգներով այս վեպում քննիչի կերպարը, թեև ակնարկվում է, բայց չի մասնակցում սյուժեին որպես ակտիվ գործող անձ, այլ հանդես Է գալիս ընդամենը վկաների և կասկածյալի ցուցմունքները լսողի դերում: Եվ ընթերցողն է, որ համեմատելով նույն արարքի վերաբերյալ հերոսների տարբեր ընկալումները, որոնք կարող են սուտ կամ խեղաթյուրված լինել, պետք Է վերակառուցի փաստերը, հավաքի խճանկարը և միայն վերջին վկայի վերջին խոսքերի միջոցով բացահայտի ճշմարտությունը:
Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, բեմադրվել և էկրանացվել: Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Փաստավավերագրական գրականություն․ Ռոբ Ֆիցպատրիկ, «Մամ թեստը» գրքի շնորհանդեսը:
Գիրքը բացահայտում է հաճախորդների հետ անարդյունավետ հաղորդակցման պատճառներն ու առաջարկում դրանց հաղթահարման գործուն մեթոդներ։ Սա գործնական ուղեցույց է, որը կօգնի խուսափել ավելորդ ծախսերից, ժամանակի կորստից և հուսախաբություններից։ Մեր փորձը ցույց է տալիս, որ սա ամենաարժեքավոր և մատչելի ձեռնարկն է այն ձեռներեցների համար, ովքեր ձգտում են իրենց արտադրանքը հաջողությամբ դիրքավորել շուկայում։ Գիրքը լույս է ընծայել Corporate Library-ն։