«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն»՝ առաջատար. հայ գրականություն. հունվար, 2025
10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի «Վանականներն ունեն գաղտնիք» գիրքը։ Գրքի գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սոովորում են հայ երիտասարդները, գործում է վանական միաբանություն և հենց սկզբում վանականների և երիտասարդների ճանապարհները խաչվում են:
Երկրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը» երրորդ տեղում է։ «Նմանակը» վեպը Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է: Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող այս բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ: Գեղարվեստական վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջևանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է: Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»: Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ երեք տարի «աշխատում» է խորհրդարանում՝ մինչև բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից: Հասկանալի պատճառով թուրք պատգամավորի և որոշ գործող անձանց անունները փոխված են: «Նմանակը», այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը:
Սերգեյ Գալոյանի «Երևանի գաղտնիքները» չորրորդ տեղում է։
Կտրուկ իրադարձություններ, անկանխատեսելի դեպքեր, նուրբ իրավիճակներ, ահա թե որոնք են հատկանշական այս գրքի համար: Գրքի ամենակարևոր հատվածը Երևանի և երևանցիների մասին պատմող «Երեանի գաղտնիքները» գիրն է: Գիրքը թեմատիկայով իրարից հեռու նյութերի մի ժողովածու է, որը ընդհանրական է դառնում հենց սուր իրավիճակների պատճառով: Եվ պատահական չէ, որ գրքում կերևան արվեստի մարդն ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչը, ռեժիսորն ու «օրենքով գողը»:
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը հինգերորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» վեցերորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից... Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:
Յոթերորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ:
Գոհար Նավասարդյանի «Կիսատ օրագիրը» ութերորդ տեղում է։ Լինում են իրավիճակներ, երբ պայքարելն անհնար է թվում, կյանքը կիսվում է երկու մասի, անցյալն անդադար դեպի իրեն է կանչում, անորոշության մեջ սպասելուց բացի ոչինչ չի մնում անել, իսկ ապագան մշուշոտ է... Այսպիսի դրություն էր 2023թ. Շրջափակված Արցախում, որի բնակիչներն անում էին հնարավորն ու անհնարինը՝ այս հողում ապրելու իրավունքը վաստակելու համար, բայց և ոչինչ չէին կարողանում փոխել, որովհետև ամեն ինչ իրենց փոխարեն արդեն իսկ որոշված էր... Գիրքը շրջափակումից օրեր առաջ Արցախ գնացած մի երևանցի աղջկա մասին է, ով սիրելիին խոստացել էր, որ բաժանվում են ընդամենը մեկ ամսով, բայց ճանապարհը, որով անարգել հեռացել էր սիրած մարդուց, փակվում է՝ դառնալով իրենց անժամկետ բաժանման պատճառը: Վիպակի գործողություններն ինչքան էլ կատարված իրողությունների շրջանակում են ծավալվում, այնուամենայնիվ, ինչպես հեղինակի բոլոր գրքերը, այս մեկը ևս համեմված է սիրո, կարոտի, սպասման թեմաներով: Մտքում անդադար իր երեք կարոտները՝ կարոտ դեպի սիրելին, դեպի ընտանիքն ու դեպի հայրենի քաղաքը՝ հերոսուհին փորձում է հաղթահարել շրջափակման առաջացրած դժվարությունները: Դժվարություններ, որոնց չբախվելը սովորական է եղել մի ժամանակ, բայց որոնց առկայությունն այժմ կյանքը դարձրել է գոյության պայքար: Դժվարություններ, որոնք հաղթահարում էր արցախահայությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու հույսով, բայց պայքարը, ցավոք, ավարտվեց Արցախի կորստով ու գաղթի ճանապարհով:
Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը իններորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:
Գոհար Նավասարդյանի «Կարևորը» տասներորդ տեղում է։ Կյանքը մեզ հաճախ է անակնկալներ մատուցում, երբեմն նաեւ կորցրածը գտնելու հնարավորություններ է տալիս: Այս գիրքը մեզ տրված հնարավորություններն օգտագործելու, կյանքն ինքնու- րույն ապրելու ու դժվարություններից չվախենալու մասին է: Այն ամենակարեւորի մասին է եւ նրա, թե ինչպես հասկանալ` որն է ամենակարեւորը: Այն մասին է, թե ինչպես պետք չէ ապրել, թե ինչ է լինում, երբ քո փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում եւ նրա, թե ստացվում է արդյոք համակերպվել ուրիշի ընտրության հետ, որը քո կյանքում է արվել, հենց քե՛զ համար:
Վիպակը նաեւ ցավի մասին է, որը սովորում ենք ընդունել, չվախենալ դրանից, մեզ թույլ տալ զգալ այն հոգու ամեն մի բջիջով ու, իվերջո, հաղթել նրան` ապրելով ու անցյալում թողնելով:
Տեղ | Փոփ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
1 | 0 | ![]() | Ռուբեն Եսայան, «Վանականերն ունեն գաղտնիք» | հեղ հրատ | 184 |
2 | +1 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 125 |
3 | -1 | ![]() | Աշոտ Աղաբաբյան, «Նմանակը» | Բուկինիստ | 58 |
4 | * | ![]() | Սերգեյ Գալոյան, «Երևանի գաղտնիքները» | հեղ հրատ | 49 |
5 | * | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» | հեղ․ հրատ | 33 |
6 | Նոր | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Օգնիր սրտիս բաբախել» | հեղ հրատ | 26 |
7 | * | ![]() | Վարդգես Պետրոսյան, «Ապրած և չապրած տարիներ» | Դարան | 22 |
8 | * | ![]() | Գոհար Նավասարդյան, «Կիսատ օրագիրը» | հեղ հրատ | 21 |
9 | 0 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ» | Դավինչի | 21 |
10 | -4 | ![]() | Գոհար Նավասարդյան, «Կարևորը» | հեղ հրատ | 21 |
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը։
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: