1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 15 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 15 հունվարի 
1990թ.

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1990թ. հունվարի 13-ին Ադրբեջանի 250 հազար հայ բնակիչ ունեցող մայրաքաղաք Բաքվում հայերի զանգվածային ջարդերի մեկնարկից երկու օր անց՝ հունվարի 15-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի քաղկոմի և Ժողովրդական դեպուտատների քաղաքային խորհրդի օրգանը՝ «Երեկոյան Երևան» օրաթերթը, լույս տեսավ «Մայրաքաղաքի աշխատավորությունը, ողջ հայ ժողովուրդը ցնցված են Բաքվում հայերի նկատմամբ կատարված նոր ոճրագործություններից և վճռականորեն պահանջում են վերջապես բռնել հանցագործի արյունոտ ձեռքը» գլխագրով:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված հոդվածաշարը. 30 տարի անց թերթելով պատմության էջերը՝ ձեզ ենք ներկայացնում երեք տասնամյակ առաջ այդ օրերին թերթերում հայկական սպանդի և դրա հետ առնչվող այլ թեմաների մասին տպագրված հոդվածները, հաղորդագրություններն ու լուրերը:

«Երեկոյան Երևան» օրաթերթ -  հունվարի 15

Բաքուն՝ նոր Սումգայիթ

Բաքվում հայերի ջարդերի մեկնարկից երկու օր անց լույս տեսած «Երեկոյան Երևան» օրաթերթի հերթական համարը գրեթե ամբողջովին ողողված էր հայ մտավորականների և հրապարակախոսների բաց նամակներով, որոնք ուղղված էին ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին: Խորհրդային միության ղեկավար Միխայիլ Գորբաչովի և բարձրագույն ղեկավարության այլ անդամների լուռ համաձայնության ներքո կատարվող ջարդերն ուղղակիորեն համեմատվում էին 1988թ. Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ կազմակերպված եղեռնի հետ:

«                                                           ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉՏԵՍԱՔ,

ԹԵ ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՍՈՒՄԳԱՅԻԹԸ

Այս խոսքերն ուղղված են կենտրոնական իշխանություններին. այո, դուք չտեսաք, դուք չուզեցիք տեսնել, թե ուր է տանում սումգայիթը: Եվ խնդրեմ՝ Բաքու, նոր սումգայիթ: Գազազած ամբոխը հին բնազդներով արել է իրենը: Ողբերգությունը կրկնվել է նույն արյունոտ արարներով: Միջնադարը նորից վերադարձել է մեծ վերափոխումների 20-րդ դարը: Մի՞թե վերջը չկա, մի՞թե վարագույրը չի իջնելու:

Բաքուն, այո, նոր սումգայիթ է: Թե՞ սումգայիթն էր Բաքու: Ճիշտը վերջինն է: Բաքվում է չարյաց բույնը որջը: Այստեղ է ստորգետնյա այն մութ ուժը, որը վերջապես պետք է գետնի երես հանել և ոչ թե կոծկել ամեն ինչ, ինչպես դա արվեց Սումգայիթում: Մենք հիմա քաղում ենք չպատժված սումգայիթականության դառը պտուղը: Գոնե հիմա իրատես ու հեռատես լինենք:

Ա. Մարկոսյան

Նոր Նորքի 6-րդ մ/շ»

«Որովհետև չտեսաք, թե ուր է տանում Սումգայիթը» վերնագրով հրապարակախոսության տրամաբանական շարունակությունն է դարձյալ թերթի առաջին էջում տպագրված, գիտաշխատող Ռ. Ալեքյանի հոդվածը:

«                                                           ՉՊԱՏԺՎԱԾ ՀԱՆՑԱՆՔԸ

ՆՈՐ ՀԱՆՑԱՆՔ Է ԾՆՈՒՄ

Հիմա՞ ինչով պետք է սքողենք այս նոր եղեռնագործությունը: Եվ ինչո՞ւ սքողել, հանուն նոր սումգայիթների՞: Հանուն այս անգամ էլ «ինտերնացիոնա՞լ» Բաքվի պատվի, նամուսի, ինչի խրատը մեզ ձեռքը սրտին անում էր Վեզիրովը: Ադրբեջանի ժողովրդական ճակատի «նամուսով» ղոչիներին պե՞տք է վերջապես դաս տալ, այնպիսի դաս, որ կա՛մ սովորում են, կա՛մ չեն սովորում, որովհետև ուրիշ դաս չկա, այլընտրանք չկա: Մի՞թե դա դժվար է հասկանալ:

Ես խորապես համոզված եմ. հենց այն, որ Սումգայիթը, Խոջալուն, Կիրովաբադը, Ադրբեջանի մյուս արյունոտ վայրերը արժանի հակահարված չստացան, վերջնականապես թևեր տվեց նրանց, ովքեր երեկ հայ էին մորթում արդեն Բաքվում: Այդպես է, չպատժված հանցանքը նոր հանցանք է ծնում:

Ռ. Ալեքյան

Գիտաշխատող»  

Գորբաչովն աչք է փակում դաժան սպանդի վրա

Հունվարի 14-ին Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության Գերագույն Խորհուրդը նամակով դիմել էր ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին, խնդրելով՝ հայ ազգաբնակչության ապահովման ուղղությամբ ձեռնարկել անհետաձգելի միջոցներ, կանխելու բարբարոսական հարձակումները, որոնք կարող էին ամբողջ ռեգիոնում հանգեցնել անուղղելի, աղետալի հետևանքների: Հսկա պետության տարածքում այդ գերտերության անդամ երկու ժողովուրդների միջև տեղի ունեցող արյունալի բախումները, մի ժողովրդի կողմից մյուսի նկատմամբ իրականացվող սպանդը կանխելու փոխարեն, ԽՍՀՄ ղեկավարն այդ օրերին խիստ զբաղված էր Վիլնյուսում բանվորների և մտավորականների հետ հանդիպումներով և երկար ելույթներ ունենալով:

«                                               ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ

ընկ. ՄԻԽԱՅԻԼ ՍԵՐԳԵԵՎԻՉ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ

Հայ ազգաբնակչության դեմ Ադրբեջանի ծայրահեղական ուժերի կողմից բացարձակ զինված գործողությունների հետևանքով Բաքվում, Շահումյանի և Խանլարի շրջաններում, Գետաշեն, Ազատ, Կամո գյուղերում և այլ բնակավայրերում ստեղծվել է արտակարգ դրություն: Կան մարդկային զոհեր, հրկիզումներ շրջափակվում են ճանապարհները և կամուրջները, բռնությամբ պատանդներ են վերցվում: Տուժում են անմեղ երեխաներ, կանայք և ծերունիներ: Այդ ամենը Հայաստանում հասցրել է իրադրության ծայրահեղ սրման: Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ստիպված եղավ ընդհատել նստաշրջանի աշխատանքը: Հաշվի առնելով ռեգիոնում ստեղծված իրավիճակը, հանրապետության Գերագույն խորհուրդը դիմում է Ձեզ հայ ազգաբնակչության ապահովման ուղղությամբ ձեռնարկել անհետաձգելի միջոցներ, կանխելու բարբարոսական հարձակումները, որոնք կարող են ամբողջ ռեգիոնում հանգեցնել անուղղելի, աղետալի հետևանքների:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ      ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ »

«Երեկոյան Երևան» օրաթերթի հունվարի 15-ի համարում տեղ են գտել նաև լուրեր Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիների կողմից հնչած կրակոցների, Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը մեկ ամսով դադարեցնելու որոշման, և մի շարք այլ թեմաների մասին:

30 տարի առաջ այս օրերին թեժ կետերում և սովետական գրաքննության պայմաններում աշխատած լրագրողների դժվարին և ազգանվեր աշխատանքի շնորհիվ են պատմության էջերում գրվել հայ ժողովրդի կյանքի վերաբերյալ այս կարևոր տեղեկությունները:

 Նորայր Շողիկյան

Հետահայաց. Սովետական թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 14 հունվարի 1990թ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]