Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 14 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 14 հունվարի 
1990թ.

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1990թ. հունվարի 13-ին Ադրբեջանի 250 հազար հայ բնակիչ ունեցող մայրաքաղաք Բաքվում մեկնարկեցին հայերի զանգվածային ջարդերը: Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից կազմակերպված, իշխանության կողմից հովանավորված և Խորհրդային Միության բարձրագույն ղեկավարության լուռ համաձայնության ներքո շուրջ 6 օր տևած վայրագությունների ու սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայ ժողովուրդը Բաքվում հերթական ցեղասպանությունն էր վերապրում, և իրավիճակը փրկելու համար հուսահատ նամակներ հղում Սովետական հսկա կայսրության ղեկավարներին, որոնցից ամենահնչեղները տպագրվում էին հենց ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգանում՝ «Սովետական Հայաստան» օրաթերթում: 

«Արմենպրես»-ը ներկայացնում է Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված հոդվածաշարը. 30 տարի անց թերթելով պատմության էջերը՝ ձեզ կներկայացնենք երեք տասնամյակ առաջ այդ օրերին թերթերում հայկական սպանդի և դրա հետ առնչվող այլ թեմաների մասին տպագրված հոդվածները, հաղորդագրություններն ու լուրերը:

«Սովետական Հայաստան» օրաթերթհունվարի 14

 

Նամակ Միխայիլ Գորբաչովին

Բաքվում հայերի ջարդերի մեկնարկի հաջորդ օրը՝ հունվարի 14-ին «Սովետական Հայաստան» օրաթերթն առաջին անգամ հայտնեց Ադրբեջանում տեղի ունեցող վայրագությունների մասին: Համարի հենց առաջին էջում տեղադրվեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նամակը՝ ուղղված ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին.

 

                                                       «ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ

                                                         ընկ. ՄԻԽԱՅԻԼ ՍԵՐԳԵԵՎԻՉ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ

 

Հայ ազգաբնակչության դեմ Ադրբեջանի ծայրահեղական ուժերի կողմից բացարձակ զինված գործողությունների հետևանքով Բաքվում, Շահումյանի և Խանլարի շրջաններում, Գետաշեն, Ազատ, Կամո գյուղերում և այլ բնակավայրերում ստեղծվել է արտակարգ դրություն: Կան մարդկային զոհեր, հրկիզումներ շրջափակվում են ճանապարհները և կամուրջները, բռնությամբ պատանդներ են վերցվում: Տուժում են անմեղ երեխաներ, կանայք և ծերունիներ: Այդ ամենը Հայաստանում հասցրել է իրադրության ծայրահեղ սրման: Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ստիպված եղավ ընդհատել նստաշրջանի աշխատանքը: Հաշվի առնելով ռեգիոնում ստեղծված իրավիճակը, հանրապետության Գերագույն խորհուրդը դիմում է Ձեզ հայ ազգաբնակչության ապահովման ուղղությամբ ձեռնարկել անհետաձգելի միջոցներ, կանխելու բարբարոսական հարձակումները, որոնք կարող են ամբողջ ռեգիոնում հանգեցնել անուղղելի, աղետալի հետևանքների:

 

                                                                                                                                                          ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ»։

 

Գորբաչովի պատասխանին և կանխարգելիչ քայլերին հայ ժողովուրդը դեռ մի քանի օր էլ պետք է սպասեր, քանի որ ԽՍՀՄ ղեկավարն այդ օրերին գտնվում էր Վիլնյուսում: Սեփական երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների վրա աչք փակելով՝ նա հանդիպումներ էր անցկացնում բանվորների ու ստեղծագործող մտավորականության հետ, բարձրագոչ ճառեր ասում ու ելույթներ ունենում, ինչի մասին վկայում է հենց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի՝ փրկություն աղերսող նամակի կողքին տպագրված՝ «Մեր ընդհանուր պրոբլեմները միասին էլ լուծենք» վերտառությամբ հոդվածը: 

 

Ադրբեջանական հարձակումներն Ազատ և Գետաշեն գյուղերի վրա

 

Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող ջարդերին զուգահեռ, հունվարի 13-ին ադրբեջանցիները հրազեն կիրառելով հարձակում էին գործել նաև Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Ազատ և Գետաշեն հայաբնակ գյուղերի վրա: Օրաթերթում հրապարակված տեղեկության համաձայն՝ հարձակումը կասեցվել է, զոհեր չեն եղել:

 

                                               «ՀԽՍՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Գետաշեն գյուղի գյուղխորհրդի նախագահ Գ. Գյուրջյանից ստացված տվյալների համաձայն՝ 1990 թվականի հունվարի 13-ին ադրբեջանական ազգության անձանց մի խումբ, կիրառելով հրազեն, հարձակում է գործել Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Ազատ և Գետաշեն հայաբնակ գյուղերի վրա:

Հայաստանի ղեկավարության խնդրանքով ԽՍՀՄ ներքին զորքերի մինիստրությունը իրադարձության վայր է ուղարկել ներքին գործերի զորքերի կարգախմբեր: Նրանց ակտիվ գործողությունների շնորհիվ հարձակումը կասեցվել է, ապահովվում է հայ ազգաբնակչության անվտանգությունը: ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրության ներքին զորքերի պետ Յու. Վ. Շատալինի հաղորդման համաձայն՝ հիշյալ բնակավայրերում զոհեր չկան: 

Ինչպես արդեն հաղորդվել է, վերջին օրերին մի շարք զինծառայողներ, Ադրբեջանում պաշտպանելով հայ ազգաբնակչությանը, վիրավորվել են հրազենից: Երեկ, ուշ երեկոյան Երևան է հասցվել ներքին գործերի կապիտան Վ. Վ. Սպիրիդոնովը, որը տեղավորվել է Հայկական ԽՍՀ առողջապահության մինիստրության վնասվածքաբանության և կոտրվածքների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ և նրան կատարել են բարդ վիրահատում: Նրա առողջական վիճակը բավարար է»:                                                                                        

ԱԺՃ-ն որոշեց դադարեցնել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Բաքվում հայերի ջարդերը կազմակերպած Ադրբեջանի ժողովրդական ճակատն այդ օրերին հայտարարել էր Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը մեկ ամսով դադարեցնելու որոշման մասին: «Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 14-ի համարում տեղ է գտել նաև այդ որոշման մասին «Արմենպրես»-ի թղթակից Է. Շահնազարյանին Անդրերկաթուղու Երևանի բաժանմունքի պետի առաջին տեղակալ Ա. Հարոյանի տված մեկնաբանությունը: 

 

                                                           ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ

 

Ադրբեջանի ժողովրդական ճակատը հայտարարել է, որ ինքը որոշում է կայացրել մեկ ամսով դադարեցնել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը:

Անդրերկաթուղու Երևանի բաժանմունքի պետի առաջին տեղակալ Ա. Հարոյանը «Արմենպրես»-ի թղթակից Է. Շահնազարյանին հաղորդեց, որ հարևան հանրապետության ծայրահեղական ուժերը այդ կերպ հերթական անգամ դիմել են մեր հանրապետության վրա ուժային ճնշում գործադրելու անթույլատրելի մեթոդներին:

Սառը պատերազմի այդ անօրինակ ակտը ձեռնարկված է այնպիսի ժամանակ, երբ անընդհատ պրովոկացիաներ են կատարվում Ադրբեջանի սահմանակից տարածքում, որտեղ տեղի են ունենում անասունների քշել-տանելու, խաղաղ բնակիչներին առևանգելու, մարդկանց սպանելու ավազակաբարո դեպքեր: Ադրբեջանում Հայկական ԽՍՀ-ի նոր շրջափակում սկսելով՝ երևի մոռացել են այն երաշխիքները, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի երկրորդ նստաշրջանում 1989թ. նոյեմբերի 28-ին տվեց Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահը: 

Առկա է լարվածության անընդհատ էսկալացում, որը հղի է անկանխագուշակելի հետևանքներով, ասաց Ա. Հարոյանը…»:                                                                                                                 

«Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 14-ի համարում տեղ են գտել նաև լուրեր Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիների կողմից հնչած կրակոցների, պատմական արդարության վերականգնման, Միխայիլ Գորբաչովի Վիլնյուսում հնչեցրած ելույթի և, նույնիսկ հայ ժողովրդի խաղաղ կյանքի մասին հոդվածներ: 30 տարի առաջ այս օրերին թեժ կետերում և սովետական գրաքննության պայմաններում աշխատած լրագրողների դժվարին և ազգանվեր աշխատանքի շնորհիվ են պատմության էջերում գրվել հայ ժողովրդի կյանքի վերաբերյալ այս կարևոր տեղեկությունները:

 

Նորայր Շողիկյան




Այս թեմայով

... վերջին լուր "Հետահայաց" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ