Քաղաքականություն

Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմի սադրանքի մանրամասները

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը Լավրովին է ներկայացրել  Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմի սադրանքի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 14-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը կայացել է Սամարղանդում անցկացվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ապրիլի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հարցերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում