Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 16 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 16 հունվարի 
1990թ.

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1990թ. հունվարի 13-ին Ադրբեջանի 250 հազար հայ բնակիչ ունեցող մայրաքաղաք Բաքվում հայերի զանգվածային ջարդերի մեկնարկից երեք օր անց՝ հունվարի 16-ին, ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՏ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգանի՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի առաջին էջը լի էր հայ մտավորականների հոդվածներով, որոնք աղետալի օրերին հայ ժողովրդի մեջ նոր հույս ու հավատ արթնացնելու նպատակ ունեին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված հոդվածաշարը. 30 տարի անց թերթելով պատմության էջերը՝ ձեզ ենք ներկայացնում երեք տասնամյակ առաջ այդ օրերին թերթերում հայկական սպանդի և դրա հետ առնչվող այլ թեմաների մասին տպագրված հոդվածները, հաղորդագրություններն ու լուրերը:

«Սովետական Հայաստան» օրաթերթ -  հունվարի 16

Մեր ժողովուրդն ավելի ծանր փորձություններով է անցել

Բաքվում հայերի ջարդերի օրերին հայ ժողովուրդը, որ իր պատմության ընթացքում անցել էր բազմաթիվ փորձությունների միջով, դարձյալ կանգնած էր հուսահատության եզրին: Սումգայիթում տեղի ունեցած եղեռնից, Սպիտակի երկրաշարժից հետո կարծես բախտը երես էր թեքել մեզանից: Հայ մտավորականությունն էր նաև այն հզոր ուժը, որ կարող էր վերջին պահին արթնացնել ժողովրդի մեջ ապագայի նկատմամբ հույսը: «Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 16-ի համարի առաջին էջում լույս տեսավ բանաստեղծ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության և ԽՄԿԿ անդամ Համո Սահյանի «Մենք մենակ չենք» հոդվածը:

«                                                           ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ

Մանկուց ի վեր ինձ թվացել է և հիմա էլ թվում է, թե Հայաստանի հողը գոյացել է հենց այդ հողի սրբությունը պաշտպանող նահատակների աճյունից: Թվացել է նաև, որ մեր գոյատևության առաջին երաշխիքը՝ մեզ սնող հայոց կարմրահատ ցորենը նահատակների աճյունով է սնվում

Երկար տարիների հարուստ փորձը և գիտելիքներիս աղքատ պաշարը այդ թվացողությունը դարձրին համոզմունքԻնչ արած, դա մեր ճակատագիրն է, որի արմատները անգիր դարերի թանձր մառախուղի մեջ են: Ճակատագիր, որից ձերբազատվել և որը փոխել չկարողացավ մինչև անգամ երրորդ հազարամյակի առմուտքին հասած խելոք և խիզախ սերունդը: Ճակատագիրը ճակատագիր է, և նորից մեզ պաշարել, մեզ վրա են գալիս վաչկատուն ցեղերի արնախում հորդաները: Մինչև ատամները զինված, թիկունքին ունենալով արյունակից և դավանակից ցեղերի ուժն ու հորդորը, գերհզոր տերությունների խարդախ դիվանագիտության հովանավորությունը: Գալիս է ոչ թե մեզ նվաճելու և ստրկացնելու, ավարելու և ավերելու, այլ իսպառ բնաջնջելու, մեր պատմությունը որդեգրելու և աշխարհամեջ մտնելու, որպես խոր ու քաղաքակիրթ մի ազգ

Գալիս է , իմ չարչարված, չարքաշ, իմ իմաստուն ու պայծառ ժողովուրդ: Գալիս է ու ինչպես ամեն թշնամի, զինակիցներ է փնտրում քո իսկ հարկի տակ, քո մեջ, մեր մեջ: Երկար մտածելու ժամանակ չկա: Իմանանք, որ խուճապն ու պարտության տագնապը մեզ համար վտանգավոր են ավելի, քան հակառակորդի դժնի դավերն ու վայրագություններըԻմանանք, որ մենք մենակ չենք: Մեզ հետ է մեր դարավոր փորձությունների փորձը, մեզ հետ են մեր հին աստվածները, մեզ հետ են մեր Մաշտոցյան միտքը և Նարեկյան խիղճը…:

Եթե աշխարհի գութը քնած է, և դեպքերն այսպես շարունակվելու են, ուրեմն ի զեն, արյունակիցներ, թող մեր աճյուններով սնվի և սերունդներ սնի հայոց կարմրահատ ցորենը:

Մեր ժողովուրդն ավելի ծանր փորձություններով է անցել: Հավատանք նրա վերջնական հաղթանակին: Չհավատալու իրավունք չունենք:

Համո Սահյան»

Հայ ժողովրդին միասնության և չհուսահատվելու կոչ էր անում նաև նույն էջում տպագրված Վահագն Դավթյանի «Մի կամք, մի ոգի, մի բռունցք» հոդվածը:

Հուսահատ պահանջ

Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, սակայն Ադրբեջանի իշխանություններն ուղղակիորեն հովանավորում էին դրանք, իսկ ԽՍՀՄ ղեկավարությունն իր անգործությամբ հանցակից էր դառնում այդ ոճրագործություններին: Այս պայմաններում, անգամ, Հայաստանի խորհրդային հանրապետության ղեկավարությունը չէր դադարում նամակներ գրել և պահանջել Ադրբեջանի իշխանություններից և ԽՍՀՄ ղեկավարությունից՝ վերջ դնել Բաքվում տեղի ունեցող վայրագություններին:

«                                               ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ,

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը խոր կսկիծով հայտնում են, որ վայրագությունների, ջարդերի հետևանքով Բաքու քաղաքում մարդկային զոհեր կան հայ բնակչության շրջանում և խոր ցավակցություններ են հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

Հանրապետության կոմունիստները, բոլոր աշխատավորները ցասումով դատապարտում են անմեղ մարդկանց դեմ ուղղված վանդալիզմի քայլերը, Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարությունից վճռականորեն պահանջում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Բաքվում և ամբողջ հանրապետությունում հայազգի անձանց անվտանգության երաշխիքներ ապահովելու, արյունալի չարագործությունների կազմակերպիչներին ու կատարողներին խիստ պատասխանատվության ենթարկելու համար:

Հայաստանի կոմկուսի Կենտկոմը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը, արտահայտելով հայ ժողովրդի կամքը, երկրի կենտրոնական մարմիններից պահանջում են վերջ դնել Ադրբեջանի տարածքում հայ բնակչության դեմ չդադարող բռնության ու դաժանության քայլերին, քաղաքական գնահատական տալ կատարվածին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ»

«Երեկոյան Երևան» օրաթերթ -  հունվարի 16

Պատմում է ականատեսը

Չնայած, որ հունվարի 16-ին Բաքվում հայերի ջարդերի մեկնարկից անցել էր երեք օր, այնուամենայնիվ, լարվածությունն Ադրբեջանի մայրաքաղաքում չէր թուլանում: Ադրբեջանցիների գազազած ամբոխները շարունակում էին դաժան սպանդ իրականացնել քաղաքում: Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի քաղկոմի և Ժողովրդական դեպուտատների քաղաքային խորհրդի օրգանի՝ «Երեկոյան Երևան» օրաթերթի հունվարի 16-ի համարում տպագրվեց «Արմենպրես»-ի թղթակցի զրույցը Բաքվի ջարդերի ականատեսի հետ:

 «                                              ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԹՈՒԼԱՆՈՒՄ

Բաքվից ստացվող կցկտուր տեղեկությունները ճշտելու համար Արմենպրես ինֆորմացիոն գործակալությունը փորձեց կապվել հարևան հանրապետության լրատվական գործակալության հետ: Բայց պարզվեց, որ Ադրինֆորմը չի աշխատում: Այն ժամանակ մեր թղթակից Լևոն Ազրոյանը կապվեց Բաքու քաղաքի նախկին բնակիչ Հակոբ Բեզիրգանյանի հետ, որը Հայաստան էր գաղթել փախստականների առաջին խմբի հետ և ներկայումս բնակարանի փոխանակման հարցով գտնվում է Բաքվում, և խնդրեց պատմել քաղաքում տիրող վիճակի մասին:

- Դրությունը չափազանց լարված է,- ասաց նա: - Գազազած ամբոխը անում է այն, ինչ երկու տարի առաջ տեղի ունեցավ Սումգայիթում: Այդ գազանաբարո մարդիկ տնետուն ընկած որսում են հայերի, տանջամահ անում: Իսկ, եթե նրանց չեն գտնում, իրենց վրեժը հանում են հայերի լքված բնակարաններից, որ մեր հայրենակիցները թողել են և փախել, հուսալով, որ նրանց երբևէ կհաջողվի փոխանակել այն: Ջարդուփշուր են անում ինչ պատահի: Հիմա նրանք չեն խնայում նաև իրենց դուր չեկած այլազգիներին, հիմնականում ռուսներին: Ես փրկվել եմ պատահականորեն: Ինձ պատսպարել է իմ վաղեմի ծանոթներից մեկը՝ ազգությամբ թալիշ Թ-ն (հասկանալի պատճառներով ես այդ բարերարիս անունը չեմ տալիս): Քաղաքում բավականին զորքեր կան, դրանք ներքին գործերի մինիստրության զորամասերն են: Բայց նրանք էլ չեն կարողանում լիովին վերահսկել իրադրությունը:

Հազարավոր հայեր, որ մնացել էին քաղաքում, փորձում են մի կերպ դուրս պրծնել այս դժոխքից: Տեսնենք, ում կհաջողվի

(Արմենպրես)»

«Սովետական Հայաստան» և «Երեկոյան Երևան» օրաթերթերի հունվարի 16-ի համարներում տեղ են գտել նաև լուրեր Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիների զինված գործողությունների, Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը մեկ ամսով դադարեցնելու որոշման ընդունումից հետո տիրող իրավիճակի, և մի շարք այլ թեմաների մասին:

30 տարի առաջ այս օրերին թեժ կետերում և սովետական գրաքննության պայմաններում աշխատած լրագրողների դժվարին և ազգանվեր աշխատանքի շնորհիվ են պատմության էջերում գրվել հայ ժողովրդի կյանքի վերաբերյալ այս կարևոր տեղեկությունները:

 Նորայր Շողիկյան

Հետահայաց. Սովետական թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 14 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 15 հունվարի 1990թ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]