Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն 
իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես անցնող, այնպես էլ այս շաբաթվա ընթացքում, ողջ հասարակության ուշադրությունը սևեռված էր Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության դեպքի հետագա զարգացումների վրա: Շաբաթը միաժամանակ առանձնացավ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով և ստեղծված լարվածությամբ:  «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:

Գյումրու ողբերգություն

Անցնող շաբաթվա սկզբին կտրուկ վատացավ գյումրեցի Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը: Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտը դեղորայք ուղարկեց նրան բուժելու համար: Փոքրիկի կյանքը փրկելու համար պայքարում էին թե հայ, թե ոռւս հայտնի մի շարք բժիշկներ: Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան. փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին` ժամը 17:02-ին, երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:

Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը. «Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց»,-ասված էր Նախագահի ցավակցական խոսքում:

Փոքրիկի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնեցին Ռուսատանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ՊՆ-ն: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը ևս ցավակցություն հայտնեցին Սերյոժայի մահվան կապակցությամբԻր ցավակցական ուղերձում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը նշեց, որ հանցագործն ու նա, ով կարող է կանգնած լինել նրա ետեւում, արժանի պատիժ կստանան:

Փոքրիկի մահից հետո գյումրեցիները մոմավառություն կազմակերպեցին Ավետիսյանների տան դիմաց: Ավետսիյանների ընտանիքի անդամների հիշատակի և հոգիների խաղաղության համար լուռ ակցիա և մոմավառություն կատարվեց նաև Երևանի Ազատության հրապարակում:

Հունվարի 21-ին ողջ Գյումրին քաղաքի Սբ. Նշան եկեղեցում վերջին հրաժեշտը տվեց Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամին: Հոգեհանգստի կարգին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ: Սերյոժայի հոգեհանգստից հետո ՀՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն: Փոքրիկ Սերյոժայի աճյունն ամփոփվեց «Շիրակ» գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ, տատիկի, պապիկի կողքին:

Գյումրիում կատարված սպանության գործով Հայաստան ժամանեց ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: Վերջինիս ընդունեց ՀՀ Նախագահը: Հանդիպման ժամանակ Բաստրիկինը խոսեց Հայաստանում իրականացվելիք հրապարակային դատական քննության մասին: Երկկողմ բանակցությունների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրեցին համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին: Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

ՀՀ քննչական կոմիտեն Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրանք առաջադրեց Վալերի Պերմյակովին: Վերջինս ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Քրեական գործի քննության ընթացքում հայ քննիչները Պերմյակովից փորձանմուշներ վերցրին` դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։ Պերմյակովի հարցաքննությունը տեղի ունեցավ փաստաբանի եւ թարգմանչի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվեց:

Շաբաթվա վերջին Գյումրի այցելեցին ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ: Նրանք այցելեցին Գյումրու «Շիրակ» գերեզմանատուն, ծաղկեպսակ ու ծաղիներ դրեցին Ավետիսյանների ընտանքի շիրիմին, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գյումրիի ողբերգությունը միայն Հայաստանի ցավը չէ, այլ «ողջ ռուս ժողովրդի եւ այդ զինվորի ընտանիքի ցավն է»:

Գյումրիում կատարված դեպքերի վերաբերյալ լսումներ կայացան ՀՀ Ազգային ժողովում: Ներածական խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով ընդգծեց, որ տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն է, ինչի համար ցավում է ողջ հայ ազգը: Լսումների ընթացքում՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե երբ է դիմելու ՌԴ գլխավոր դատախազին՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցով, Կոստանյանը հայտարարեց, որ ՌԴ գլխավոր դատախազին անպայման դիմելու է այդ հարցով, սակայն, միայն անհրաժեշտ հիմքեր ունենալուց հետո:

Պատասխանելով մեկ այլ պատգամավորի` Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչո՞ւ Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործը կարող է լրացվել: Կոստանյանը միաժամանակ կոչ արեց չքաղաքականացնել Գյումրիի սպանությունը և դրա  հետ կապված զարգացումները, քանի որ հարցը գտնվում է իրավական դաշտում:

Պատգամավորները Կոստանյանից հետաքրքրվեցին նաև Պերմյակովի հնարավոր աջակիցների մասին: Պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին` ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ Պերմյակովի հնարավոր աջակիցների մասին հարցին հնարավոր կլինի պատասխանել միայն քննության ավարտից հետո: Պատգամավորի մյուս հարցին, թե հնարավոր է, որ բացի հայ և ռուս իրավապահներից գործի քննությանը ներգրավվեն նաև այլ երկրների իրավապահներ, Կոստանյանն ընդգծեց, որ չկա ոչ միայն դրա անհրաժեշտությունը, այլ դրա հնարավորությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

Անցնող շաբաթ խիստ լարված էր իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանագոտում: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 17-19-ին հակառակորդը հերթական անգամ խախտեց հրադադարի ռեժիմը` այս անգամ արդեն կիրառելով ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ: Այսքանով, սակայն, ադրբեջանական կողմը չհանդարտվեց. հունվարի հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկեց 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, սակայն, կորուստներ կրելով, հետ շպրտվեց: Ցավոք, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում  ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում ստացավ զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

Ադրբեջանը  հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը ևս մեկ դիվերսիոն փորձ կատարեց` այս անգամ Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվեց զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում ստացավ 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը: Ադրբեջանական կողմը ևս կորուստներ կրեց:

Շաբաթվա կեսին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր արձանագրվեցին նաև հայ-ադրբեջանական սահմանին: Հունվարի 21-ին հակառակորդի գնդակից զոհվեց պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը: Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը հակառակորդը 300 անգամ խախտեց հրադադարի ռեժիմը` Տավուշի ուղղությամբ: Դիվերսիոն փորձերի հետմղման ժամանակ հայկական կողմը երկու զոհ տվեց, եղան նաև վիրավորներ: Վիրավոներից մեկին` շարքային Հովհաննես Ավանեսյանին վիրահատեցին Բերդի հոսպիտալում: Նույն օրը Տավուշի մարզ մեկնեցին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նույն գիշերը դիվերսիոն մի քանի փորձեր իրականացվեցին նաև Արցախի ուղղությամբ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը` հետ շպրտեցին նրանց ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չունեցավ, իսկ ադրբեջանական կողմը տվեց 3 զոհ: 

Դիվերսանտների կողմից հայ զինծառայողների սպանության դեպքի առնչությամբ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլախավոր վարչությունում հարուցվեց քրեական գործ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով զբաղվող Ֆրանսիան ցանկություն հայտնեց վերականգնել կողմերի միջև բանակցային գործընթացը: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնեց, որ իրենք կփորձեն ամրապնդել վստահությունը հակամարտող կողմերի միջև: Նա միաժամանակ հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Պիեր Անդրյուի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ:

Շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ անհանգստություն հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը: ԼՂ հակամարտության հարցին անդրադարձավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Ադրբեջանական կողմը Բերդի մի քանի դիրքերի ուղղությամբ դիվերսիոն փորձ արեց նաև հունվարի 24-ին` ժամը 12:00-ի սահմաններում: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվեց, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ շպրտվեցին: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չեղան: Իսկ ԼՂՀ ՊԲ-ի տարածած հայտարարության համաձայն, մեկ շաբաթում ձեռնարկած երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերի արդյունքում, որոնք հետ են մղվել հայ դիրքապահների կողից, նախահարձակ ադրբեջանակ կողմը տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր, շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա:

Ներհայաստանյան իրադարձություններ

ՀՀ կառավարության այս շաբաթվա նիստում գործադիրի որոշմամբ Վաչե Գաբրիելյանը նշանակվեց ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող, Հայաստանի նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ազատվեց այդ պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ` Արմեն Շահնազարյանը նշանակվեց Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար:

ԿԲ խորհուրդը 2015թ. հունվարի 21-ի արտահերթ նիստում որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: ԱՄՆ-ում, օրինակ, միջոցառումները կմեկնարկեն Ֆլորիդա նահանգից` հունվարի 24-ին Բոսթոնի հայկական Սայաթ-Նովա պարային խմբի համերգով:

Ավստրալիայում ստեղվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին պատմող կայք. www.armenia.com.au/100  կայքում միջոցառումների մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվելու է եւ ներկայացնելու է համապարփակ տեղեկատվություն երկրի բոլոր շրջաններում կատարվելիք միջոցառումների մասին:

Ֆրանսիական TV 5 monde-ի եթերում հեռարձակվեց Հայոց ցեղասպանությանը և “The Cut” ֆիլմին նվիրված հաղորդում, որի հյուրերն էին ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանը, քաղաքական վերլուծաբան, ռեժիսոր Ալի Կազանջիգիլը, մշակութային սյունակագիր Ժան Բապտիստ Ուրբենը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր արշավ է մեկնարկել. Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը պաշտոնապես հայտարարեց իր նոր արշավի մեկնարկի մասին. սոցցանցերում մեկնարկած #OnThisDay արշավը նպատակ ունի ավստրալական հասարակությանը տեղեկացնել 1915-1923 թվականներին հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգության մասին, իսկ ահա Ուրուգվայում Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները կանցեն այդ երկրի նախագահի բարձր հովանու ներքո:

Հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված «1915» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա գարնանը:

Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելից

Հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցն էր: Նրա ընտանիքը և ընկերները հիշատակի արարողություն կազմակերպեցին Դինքի գերեզմանի մոտ:

Դինքի հիշատակին քայլերթ կազմակերպեց Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Հիշատակի արարողություններ կայացան Թուրքիայի Ստամբուլում և Անկարա, Ադանա, Շըրնաք, Այնթապ և այլ քաղաքներում: Թաքսիմ հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ պահել էին մեծ պաստառ` «Առերեսվեք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ» վերտառությամբ, իսկ ահա Անկարայում տեղի ունեցող միջոցառումը կիսատ մնաց, քանի որ թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր կիրառեց քայլերթի մասնակիցների դեմ` ձերբակալելով 20 մարդ:

Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրն Անկարայում հանձնվեց ոստիկանությանը, իսկ նույն գործով ցմահ ազատազրկված Յասին Հայալը նոր ցուցմունք տվեց: Դինքի գործով կայացած հերթական դատական նիստում դատարանը մերժեց Դինքի ընտանիքի փաստաբանների ներկայացրած պահանջները: Դինքի գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 28-ին:

Ուկրաինա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն հայտնեց Դոնեցկի օդանավակայանի շրջանում մարտական գործողությունների սաստկանալու կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերին: Հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը` նշելով, որ Ուկրաինայում բռնության սաստկացումը չի կարող շարունակվել. անհրաժեշտ է կանգնեցնել բռնության հերթական ալիքը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

ԵՄ-ն որոշեց պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների որեւէ թուլացում հնարավոր է միայն Ուկրաինայի արեւելքում իրադրության բարելավումից հետո:

Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը հունվարի 20-ին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձերբակալման որոշում կայացրեց: Հունվարի 22-ին Դոնեցկի Լենինյան շրջանի Կուպրին փողոցի կանգառի գնդակոծման զոհ դարձավ 13 մարդ, եւս 20-ը վիրավորվեց: Դոնբասի աշխարհազորը հարձակողական գործողություններ ծավալեց շփման գծի ողջ երկայնքով: Ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարեց, որ աշխարհազորը մտադիր է հարձակվել ընդհուպ մինչեւ մարզի վարչական սահմաններ:

Սիրիա

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 24-ին կրկին հրթիռակոծեցին Հալեպի հայկական թաղամասներից մեկը, որի հետևանքով զոհվեց երեք քաղաքացի, վնասվեցին թաղամասի շենքերի բնակարանները, խանութները և ավտոմեքենաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am