Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Դինքն ապրեց ու մահացավ տաբուներ վերացնելով. «Ակոսի» խմբագրապետի սպանության տարելիցն է

Դինքն ապրեց ու մահացավ տաբուներ վերացնելով. «Ակոսի» խմբագրապետի 
սպանության տարելիցն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշտապես պայքարող և դիմադրող, իսկական հայրենասեր և պարզապես մեծ Հայ. հենց այսպիսին էր պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը, ում մահվան 8-րդ տարելիցը լրանում է այսօր:

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ Դինքը սպանվեց թուրք դավադրի ձեռքով, ով անգամ համարձակություն չունեցավ նայել իր զոհի աչքերի մեջ և միայն հետևից երեք գնդակ արձակեց նրա գլխին: Կրակելուց հետո մարդասպանը գոչեց «գյավուր»` հիմք տալով մտածելու, որ սպանությունը կատարվել է ազգայնական հողի վրա: Հետագայում, սակայն, հայտնի դարձավ, որ Թուրքիայում հայերի ու հայկական հարցի նկատմամբ առկա տաբուն կոտրելու ջատագովի՝ Հրանտ Դինքի սպանությունը մանրամասն ծրագրավորված հանցագործություն էր, որում իր ոչ փոքր մասնաբաժինն ուներ նաև թուրքական պետությունը: Սպանությանը հաջորդող ութ տարիների ընթացքում, սակայն, պոլսահայ մտավորականի սպանության թնջուկն ավելի խճճվեց, մեկը մյուսին հաջորդող դատական նիստերի ընթացքում հարցաքննվեցին և կալանավորվեցին հանցագործության իրականացման մեջ ներքաշված միայն մանր չինովնիկները, իսկ դրա իրական մեղավորներն ու կազմակերպիչները մինչև օրս շարունակում են մնալ վարագույրի այն կողմում…

Ո՞վ էր Հրանտ Դինքը

Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Մալաթիա քաղաքում: 1961 թվականին` 7 տարեկանում, տեղափոխվում է Ստամբուլ: 1996 թվականին Դինքը հիմնադրում է «Ակոս» պարբերականը, որը տպագրվում էր երկու լեզվով՝ հայերեն և թուրքերն: Նպատակը մեկն էր՝ նպաստել թուրքական ու հայկական հասարակությունների` միմյանց առավել լավ ճանաչելուն: Պատահական չէ, որ Դինքը մշտապես կրկնում էր. «Ստամբուլի հայ հասարակությունը շատ փակ է ապրում: Եթե մեզ լավ ճանաչեն, նախապաշարումները կկոտրվեն»:

Դինքը ոչ միայն լավ հայ էր, այլ նաև իսկական քաղաքացի: Ապրելով Թուրքիայում՝ նա երբեք իրեն չէր օտարում այդ երկրից և անում էր ամենը թուրքական պետությունը վերափոխված տեսնելու համար: Իր մասին նա ասում էր. «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասինկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։ Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառներն առնվազն երկու անգամ ավելի են»:

Թուրքիայում արտահայտած մտքերի ու արած բացահայտումների համար Դինքը կյանքի վերջին տարիներին սկսել էր ծայրահեղ ազգայանակնների կողմից բացահայտ, իսկ պաշտոնյաների կողմից քողարկված սպառնալիքներ ստանալ: Շատերը նրան հորդորում էին լքել Թուրքիան՝ փրկելով իր կյանքը, սակայն արդարության մարտիկը երբեք չէր ենթարկվում այդ հորդորներին և բարկանում էր՝ կրկնելով. «Սա իմ երկիրն է»: «Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն պահերին, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այս պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել... Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք, ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915 թվականին մեր պապերը... Առանց իմանալու դեպի ուր... քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել... տանջվելով և ապրելով նրանց վիշտը... Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը»,- ասում էր Դինքը:

Նա, ով երազում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Դինքի ողջ գործունեությունն ուղղված էր Հայաստանի և Թուրքիայի միջև անջրպետի վերացմանը: Նա վստահ էր, որ թուրքական պետությունում Ցեղասպանության հետ առերեսումը հնարավոր է միայն երկրի ներսից եկող ճնշմամբ: 2005 թվականին «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել էր, որ Թուրքիայի ժողովրդի մերժումը պայմանավորված է իրականության չիմացությամբ:

Նա սաստիկ զայրանում էր, երբ խնդրի քննարկմանը կցվում էին որևէ երրորդ պետության ներկայացուցիչներ: «Մեր իրականությունը միայն մյուսների ընդունելո՞վ է իրականություն դառնալու: Արդյոք մեր ներաշխարհը կհանդարտվի, եթե մեր իրականությունը շարունակի թեմա մնալ տեղի ունեցած ողբերգության ականատես պետությունների ընդունելու արդարամտության կամ չընդունելու անարդարության միջև: Նրանց ժանգոտված խի՞ղճն է կարողանալու մաքրել մեր սրտերը: Թող մեր իրականությունը մեզ մնա, նրանց ժանգոտված խիղճն էլ՝ նրանց»:

Ժամանակակից Թուրքիայում Դինքը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության ու ազատության խորհրդանիշը: Նրա կյանքն ու հատկապես մահը հիմնաքարային նշանակություն ունեցան երկրում շատ տաբուների վերացման համար: Ու թեպետ արդեն ութ տարի է՝ նա այլևս մեզ հետ չէ, սակայն խաղաղասեր աղավնու համբավը վայելող Դինքի հիշտակը դեռ վառ է, հույզերը նրա անվան հետ կապված՝ դեռ փոթորկուն, նրա սկսած գործը՝ շարունակական: Այն, ինչ նա չհասցրեց անել կենդանության օրոք, արեց մահվանից հետո՝ Թուրքիայի հազարավոր քաղաքացիների սրտերում վեր հանելով համամարդկայինը, բարին, արդարը… Մտնելով նրանց հոգիների մեջ, նա արթնացրեց նրանց ընդարմացած խիղճը՝ մղելով դեպի փողոցներ և ստիպելով ի լուր աշխարհի բղավել. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս Դինք ենք»:

Պատրաստեց Արաքս Կասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am