Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործը կարող է լրացվել

Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործը կարող է լրացվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի սպանդի հեղինակ Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործը կարող է լրացվել, փոխվել նոր փաստերի հիման վրա: Այս մասին Ազգային ժողովում «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչո՞ւ Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու հատկանիշներով: «Նախ պետք է նշեմ, որ մեղադրանք առաջադրելը դեռևս չի նշանակում, որ մենք ունենք գործի հետ կապված բոլոր փաստերը: Հարուցված քրեական գործի շրջանակներում հիմա գնում է նախաքննություն, ուսումնասիրվում են բոլոր փաստերը, և երբ մենք կունենանք բավարար ապացույցներ, փաստեր, մենք կլրացնենք, կփոխենք Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործը: Տիկի՛ն Փոստանջյան, Դուք շատ լավ գիտեք, որ խոսակցությունների և հայտարարությունների հիման վրա մեղադրանք չեն առաջադրում: Մենք կլրացնենք քրեական գործը, երբ կունենանք նոր փաստեր և ապացույցներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոստանյանը:

Կոստանյանն ընդգծեց, որ իրենք նաև պետք է ստուգեն, թե Պերմյակովին հայտնաբերելու և ռուսական իրավազորությանը հանձնելու հարցում որ սուբյեկտը պատշաճ կերպով չի կատարել իր պարտավորությունները: «Այս ամենը պարզելու դեպքում կառաջանա նաև այդ սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ դա էլ մեզ համար հիմք կհանդիսանա, որպեսզի մենք դիմենք Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին՝ Պերմյակովին հայ իրավապահների իրավազորությանը հանձնելու հարցով: Մենք հիմա հարուցված քրեական գործով ուսումնասիրում ենք բոլոր փաստերը, մանրամասն քննում ենք բոլոր հանգամանքները»,- նշեց Կոստանյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am