Սիրիահայերի վարորդական վկայականները Հայաստանում կփոխանակվեն առանց որակավորման քննությունների
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները, որոնք չեն համապատասխանում 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին, Հայաստանում բացառության կարգով կփոխանակվեն առանց որակավորման քննություններ հանձնելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, նախագիծը ներառված է գործադիրի օգոստոսի 23-ի նիստի օրակարգում:
Նախագծի նպատակն է կարգավորել սիրիահայերի վարորդական վկայականները փոխանակելու գործընթացը, հակառակ պարագայում խնդիրներ կառաջանան վերջիններիս աշխատանքի տեղավորման հարցում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Սիրիայից վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստան եկած ազգությամբ հայ քաղաքացիներին այդ պետությունում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում նաև Հայաստանում «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգին:
Սիրիահայերը վարորդական վկայականը փոխանակելու համար քննական մարմին պետք է ներկայացնեն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում ՀՀ-ում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք, ինչպես նաև վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից: