Տարածաշրջանային

Թուրքական սադրանք` Հայաստանի եւ Իրանի դեմ

3 րոպեի ընթերցում

Թուրքական սադրանք` Հայաստանի եւ Իրանի դեմ

ԱՆԿԱՐԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք վերլուծաբան Էրդալ Շիմշեքը փորձագիտական շրջանակներին անհայտ եւ կայանալու խնդիր ունեցող թուրքական «Միլաթ» թերթում հրապարակած հակաիրանական սադրիչ հոդվածում հայտարարել է, թե «հայ-թուրքական հնարավոր բախման դեպքում, Իրանը Հայաստանի հետ կկռվի թուրքերի դեմ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդես գալով նման զավեշտալի եզրակացությամբ` թուրք վերլուծաբանը դրանով փորձել է ցույց տալ, թե Իրանը թշնամի է Թուրքիային: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` 50 մլն ադրբեջանցիների նախագահը լինելու մասին հայտարարությանը չարձագանքեցին ոչ Վրաստանը, ոչ էլ Թուրքիան, որտեղ միլիոնավոր ադրբեջանցիներ են բնակվում, իսկ Իրանն արձագանքեց խստորեն եւ անգամ սպառնաց Ադրբեջանին: Ադրբեջանը կախված է Իրանից, քանի որ Նախիջեւանին կապող ցամաքային ճանապարհն անցնում է Իրանով: Դրա համար էլ Ադրբեջանը լռում է Իրանի հակաադրբեջանական քայլերի դեմ», -գրում է թուրք վերլուծաբանը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի խնդրին` Շիմշեքը գրում է. «Իրանի եւ Հայաստանի միջեւ միմյանց դեմ չհարձակվեկու եւ դաշնակցային համաձայնագրեր կան ստորագրված: Դա նշանակում է, որ Իրանն ու Հայաստանը ոչ մի դեպքում իրար դեմ հանդես չեն գա եւ միասին հակահարված կտան արտաքին ցանկացած հարձակման: Այսինքն` հավանական հայ-թուրքական բախման դեպում` իրանցի զինվորները Հայաստանի հետ միասին կկռվեն Թուրքիայի դեմ: Իրանը բռնագրավել է Ադրբեջանի հողերի կեսը եւ ստրկացրել բնակչության 80 տոկոսին: Այդ պատճառով Իրանը դաշնակից է Ադրբեջանի հողերի մի մասը գրաված Հայաստանի հետ», -եզրահանգել է նա:

Ավելի առաջ գնալով` թուրք վերլուծաբանը ծիծաղելի եզրակացություններ էլ է անում: «Իրանի մոլլայական դիկտատուրան եղբայրական հարաբերություններ է զարգացնում քրիստոնյա Հայաստանի հետ եւ շիականություն տարածում Հյուսիսային Ադրբեջանում, ինչի համար տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում: Ադրբեջանում թուրքական դպրոցները փակելու համար Իրանը մոտ 100 մլն դոլար կաշառք է բաժանել ադրբեջանցի պաշտոնյաներին: Իրանի եւ Հայաստանի միջեւ տարեկան միլիոնավոր դոլարների առեւտրային շրջանառություն է իրագործվում: Համադրելով այս բոլորը, տեսնում ենք, որ Ղարաբաղն իրականում ոչ թե հայերն են զավթել, այլ իրանցիները», -գրում է Շիմշեքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում