«ՌեԱնիմանիա»-ի շրջանակներում իտալացի մասնագետը Հայաստանում արհեստավարժության դասեր կվարի
18:20, 16 Սեպտեմբեր, 2011ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում սեպտեմբերի 17-19-ը «Նարեկացի» արվեստի միությունում Իտալիայից Հայաստան ժամանած Անդրեա Մարտինիոնին վարելու է «Ձայնային տարածություն եւ ձայնի ձեւավորում անիմատորների համար» արհեստավարժության դասընթացը, որի նպատակն է ստեղծել մեկ կամ մի քանի ձայնագրություն «Հավանական երեւակայական» ֆիլմի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ա.Մարտինիոնին նշեց, որ անչափ ուրախ է Հայաստանում լինելու համար եւ «մի տեսակ երազի մեջ» է իրեն զգում: Նա հատկանշական համարեց այն, որ իր ծննդյան 50-ամյակը նշվելու է Հայաստանում, այն էլ' մեր երկրի համար տոնական այս օրերին: Բանախոսը նշեց, որ ցանկություն ունի իր փորձն ու գիտելիքները փոխանցելու թեկուզ սահմանափակ խմբի, սակայն համոզված լինելով, որ նրա համար այդ ամենը կիրառական նշանակություն կարող է խաղալ:
Նրա խոսքով' արհեստավարժության դասընթացի արդյունքը կարող է օգտագործվել մասնակիցների կողմից պատրաստելու խմբակային ֆիլմ կամ մեկ անհատական ֆիլմ այն ձայնագրությունից, որ հավաքել էին միասին: «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի հանձնաժողովի անդամներից Բաստիեն Դյուբուան Հայաստան է ժամանել Ֆրանսիայից: Վերջինիս աշխատանքներից են «Ահ», «Մադագասկար. ճամփորդության օրագիր» ֆիլմերը: Դյուբուան «ՌեԱնիմանիա 2009»-ի հատուկ մրցանակակիր է եւ 2011-ին նրա «Մադագասկար» ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի: Ռեժիսորը նշեց, որ միտք է հղացել իր «օրագրում» «էջեր» հատկացնել նաեւ Հայաստանին: «Ֆիլմը լինելու է կարճամետրաժ, եւ տեւելու է ընդամենը մի քանի րոպե, սակայն ինչպիսին կլինի արդեն վերջնական արդյունքը, ցույց կտա ժամանակը»,-ասաց Բ. Դյուբուան։ Նա արդեն հասցրել է շրջել Երեւանի մի շարք փողոցներում եւ էսքիզներ է արել ապագա ֆիլմի համար: «Ես փնտրում եմ հետաքրքիր, զավեշտալի իրադարձություններ, որ հենց դրանց հիման վրա ներկայացեմ Հայաստանը: Վստահ եմ, որ կգտնեմ»,- ասաց նա: Վերջինիս խոսքով' թեեւ դեռ երկու օր է Երեւանում, բայց արդեն հասցրել է որոշ վայրերում լինել:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան կրթության եւ մշակութային հարցերով կցորդ Ֆաբիեն Ներան ասաց, որ իրենց համար պատիվ է աջակցել «նման գեղեցիկ» փառատոնի: «Մեր երկու երկրները միանման, ընդհանուր ճաշակ ունեն կինոյի նկատմամբ, երկուսն էլ ունեն շատ հայտնի ռեժիսորներ: Մենք ուրախ ենք, որ մեր աջակցություն ենք ցուցաբերում փառատոնին»,- ասաց նա' հավելելով, որ պետք է ձգտել Հայաստան հրավիրել ավելի մեծ թվով ռեժիսորների, այդ թվում' ֆրանսիացի' ներկայացնելու իրենց աշխատանքներն ու փորձը փոխանցելու սկսնակ ռեժիսորներին:
Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին ասաց, որ դեսպանատունն ինքն է կազմակերպում ֆրանսիական լավագույն անիմացիոն ֆիլմերի հավաքման աշխատանքները' դրանով իսկ կազմակերպիչներին ազատելով ժամանակ ու գումար ծախսելուց: «ՌեԱնիմանիա» երեւանյան երրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին ու կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 19-ը: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է 320 ֆիլմ 40 երկրից:
Դիտվել է 261 անգամ

Ֆոտոհոսք
RSS
