«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան
6 րոպեի ընթերցում

Ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն հոգեբանական դրաման պատմում է մարդկային կորստի, ցավի, լռության և վերապրման մասին՝ փորձելով պատասխանել հարցին, թե ինչպես շարունակել ապրել, երբ ցավը խլում է անգամ բառերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղն օրերս կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Բեմադրության առանցքում այն գաղափարն է, որ տարիների տառապանքն ու ներքին խեղվածությունը հաղթահարելու համար երբեմն բավական է նույնիսկ ցորենի հատիկի չափ գթասրտությունը։ Ներկայացման բեմականացումն ու բեմադրությունն իրականացրել է Գայանե Անդրասյանը։ Բեմի և զգեստների նկարիչն է Սուսաննա Հախվերդյանը։ Ներկայացման մեջ խաղում են Ռայա Հովհաննիսյանը, Միլենա Ավանեսյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Սերգեյ Ոսկանյանը, Վազգեն Մկրտչյանը, Իշխան Ղարիբյանը և Արման Սիմիկյանը։

Ներկայացումը հանդիսատեսի դատին են հանձնել «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում։ «Զուլալի»-ն հերթական փորձն է բեմարվեստի լեզվով խոսելու մարդկային ցավի, ներողամտության և հոգևոր վերածննդի մասին՝ հանդիսատեսին մղելով խորհել կյանքի ամենաբարդ փորձությունների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ։
«Միտքը ծնվեց այն ժամանակ, երբ փնտրում էի հայկական ժամանակակից ստեղծագործություն՝ բեմադրելու համար։ Տարբեր գործեր էի ուսումնասիրում և այդ ընթացքում բոլորովին պատահական հանդիպեցի «Զուլալի»-ին։ Գրքի տոնավաճառի ժամանակ այն հայտնվեց ձեռքումս, և հենց առաջին նախադասությունը, որ կարդացի, ինձ գրավեց։ Այդ պահին հասկացա, որ անպայման ցանկանում եմ բեմադրել այդ ստեղծագործությունը։ Այդպես էլ ծնվեց բեմադրության գաղափարը։

Ինչ վերաբերում է ստեղծագործական ընթացքին, ապա դեռևս փորձերը չսկսած՝ արդեն հստակ պատկերացնում էի դերասանական կազմը։ Ի սկզբանե ընտրել էի հենց այս դերասաններին, և հետագայում որևէ փոփոխություն չի եղել։ Աշխատանքն ընթացել է շատ ներդաշնակ և արդյունավետ մթնոլորտում»,-պատմել է Գայանե Անդրասյանը։
Զուլալիի դերակատար Միլենա Ավանեսյանը խոստովանել է, որ իրականում համաձայնել է ստանձնել դերը, որովհետև վստահում է Գայանեին։ «Սա արդեն մեր չորրորդ համատեղ աշխատանքն է և, անկեղծ ասած, մեր չորս աշխատանքներից ամենասիրելին հենց սա է։ Գայանեի գաղափարով վարակվեցի դեռ այն ժամանակ, երբ նա ներկայացրեց, թե ինչ է ուզում անել։ Նրա տեսլականն այնքան համոզիչ էր, որ միանգամից համաձայնեցի՝ առանց որևէ երկմտանքի։ «Զուլալի»-ն ինձ շատ բան սովորեցրեց, ամենակարևորը՝ ավելի խորությամբ զգալ։ Զուլալին չի խոսում, և այդ պատճառով իր բոլոր ապրումներն ու զգացմունքներն արտահայտում է ժեստերով, հայացքով և հույզերով։ Աշխատելով կերպարի վրա՝ ես, որպես Միլենա, հասկացա, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է ամեն ինչ բառերով ասել։ Երբեմն բավական է պարզապես զգալ, և դա կարող է շատ ավելի խորն ու գեղեցիկ լինել, քան խոսքը։ Չխոսող կերպար մարմնավորելը դերասանի համար ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Երբ ունես տեքստ, կարող ես զգացմունքներդ փոխանցել խոսքի միջոցով, իսկ երբ խոսք չկա, ստիպված ես այլ միջոցներ գտնել՝ կերպարը կենդանի դարձնելու համար։ Այդ պատճառով փորձում էի ուսումնասիրել մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով չեն խոսում, հասկանալ, թե ինչպես են նրանք արտահայտում իրենց հույզերն ու մտքերը։ Փորձել եմ այդ ամենը փոխանցել կերպարի միջոցով, և կարծում եմ՝ ինչ-որ չափով ստացվել է։ Ամեն դեպքում, դա արդեն հանդիսատեսի գնահատելու հարցն է»,-նշել է դերասանուհին։

Զուլալիի որդու՝ Նազարոսի դերակատար Վազգեն Մկրտչյանի համար ցանկացած դեր պատասխանատու աշխատանք է։ Ըստ դերասանի՝ կարևոր չէ՝ ներկայացումը մանկական է, մեծահասակների համար է, ինչ ժանրի է կամ որքան մեծ ու ծավալուն է դերը։
«Յուրաքանչյուր կերպար ունի իր պատասխանատվությունը, և ես միշտ այդպես եմ մոտենում աշխատանքիս։ Եթե խոսեմ այն մասին, թե ինչ է ինձ սովորեցրել այս ներկայացումը, կպատասխանեմ՝ այն, թե ինչպես եմ ես ընկալել կերպարիս և նրա գործունեությունը ստեղծագործության մեջ։ Ներկայացումը ցույց է տալիս, որ երբեմն որևէ խնդրի կամ կոնֆլիկտի լուծումը կարող է ծնվել այնպիսի իրադարձությունից, որն առաջին հայացքից բացասական կամ անընդունելի է թվում։ Գործի ընթացքում տեսնում ենք, որ որոշ ողբերգական և ցավոտ դեպքեր հետագայում բերում են այնպիսի փոփոխությունների, որոնք մարդկանց կյանքում նոր շրջափուլ են բացում։ Օրինակ՝ այն, ինչ սկզբում ընկալվում է որպես ծանր և անթույլատրելի արարք, հետագայում դառնում է Նազարոսի ծննդի պատճառը, իսկ Նազարոսի ներկայությունն իր հերթին նոր շունչ ու կյանք է վերադարձնում ընտանիքին։ Ինձ հենց այդ հակադրությունն էր հետաքրքիր՝ ինչպես կարող են ամենածանր փորձությունները երբեմն դառնալ փոփոխությունների և վերածննդի մեկնակետ։ Նույնը կարելի է տեսնել նաև մյուս դրվագներում»,-նշել է դերասանը։
