2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համատեքստում բարեգործության անվան տակ աջակցություն տրամադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո, երբ գործում է բարեգործության իրականացման օրենսդրական արգելքը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը՝ այլ անձի օժանդակությամբ, 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում տարբեր բնակիչների նկատմամբ իրականացրել է աջակցություն։
Մասնավորապես՝ մեկ դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, իսկ մեկ այլ դեպքում արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ ընտրական գործընթացների ընթացքում բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելուց, իսկ քաղաքացիներին կոչ է անում չներգրավվել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել։