8 րոպեի ընթերցում
Երիտասարդական քաղաքականության նոր օրենքով և Կառավարության ծրագրերով Հայաստանը մտնում է երիտասարդների համար նոր հնարավորությունների փուլ․ մարզերում երիտասարդական կենտրոնների թիվը կհասնի 25-ի, կխթանվի երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին, կխթանվեն միջազգային կրթական ծրագրերը և կուժեղացվի սփյուռքահայ երիտասարդների ներգրավվածությունը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ Կառավարության մինչև 2026 թվականի ծրագրով նախատեսված է 25 երիտասարդական կենտրոնի ստեղծում։

«2025 թվականին պետական բյուջեի միջոցներով ձևավորվել են երիտասարդական միջավայրեր Նոյեմբերյանում, Ծաղկաձորում, Աղավնաձորում, Հրազդանում, Ճամբարակում և Գորիսում։ Դրանց մի մասն արդեն սկսել է գործել, մյուսները մոտ ժամանակներս կսկսեն իրենց գործունեությունը։
«Այս կենտրոնների շնորհիվ պետական ֆինանսավորմամբ գործող երիտասարդական կենտրոնների թիվը դառնում է 14, իսկ առաջիկա կես տարվա ընթացքում նախատեսում ենք ձևավորել ևս 11 կենտրոն, որպեսզի 2026 թվականի ավարտին ունենանք ընդհանուր 25 կենտրոն»,- նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ծրագիրը բխում է Կառավարության ռազմավարական նպատակադրումից և ամրագրված է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքում։ Կենտրոնների հիմնական առաքելությունն է ընդլայնել երիտասարդների հնարավորությունները հանրային կյանքին մասնակցելու, որոշումների կայացման գործընթացներում ներգրավվելու, սեփական ներուժը բացահայտելու և զարգացնելու համար։
Արթուր Մարտիրոսյանը կարևորեց հատկապես մարզաբնակ երիտասարդների համար նման միջավայրերի ստեղծումը՝ նշելով, որ Երևանից դուրս հաճախ սահմանափակ են այն հարթակները, որտեղ երիտասարդները կարող են մեկտեղվել, քննարկել խնդիրներ, զարգացնել հմտություններ և օգտվել ոչ ֆորմալ կրթությունից։
Նրա խոսքով՝ երիտասարդական կենտրոնները գործում են դրամաշնորհային ծրագրի շրջանակում, և դրանց հիմնադիրները պետական կառույցներ չեն, այլ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու մասնավոր կառույցները, որոնք համագործակցում են համայնքների հետ։ Նախարարությունը կենտրոններին դիտարկում է ոչ թե որպես պարզապես ֆինանսավորվող ծրագրեր, այլ որպես սոցիալական գործընկերներ՝ տրամադրելով մեթոդական աջակցություն, կարողությունների զարգացում, միջազգային և ցանցային համագործակցության հնարավորություններ։
Կենտրոնների գործունեությունը կառուցված է մի քանի հիմնական ուղղությունների շուրջ՝ կարողությունների զարգացում, թվային, մեդիա, ֆինանսական գրագիտություն, առաջնորդություն, բանավեճային հմտություններ, իրազեկում պետական ծրագրերի վերաբերյալ, ակտիվ քաղաքացիության խթանում և ինտելեկտուալ ժամանցի ապահովում։
«Մենք ակնկալում ենք, որ այս միջավայրերում երիտասարդները կքննարկեն իրենց համայնքների, մարզերի և երկրի առջև ծառացած խնդիրները և կփորձեն գտնել դրանց լուծումները։ Սա է ակտիվ քաղաքացիության իրական հիմքը»,- ընդգծեց Մարտիրոսյանը։
Փոխնախարարը նշեց, որ կենտրոնների ձևավորումը իրականացվում է մրցութային հիմունքներով, և նախարարությունը չի որոշում, թե որ մարզում պետք է ստեղծվի հաջորդ կենտրոնը․ ընտրությունը կատարվում է ներկայացված հայտերի որակի և համայնքների աջակցությամբ։ Միևնույն ժամանակ, նույն համայնքում երկրորդ կենտրոն չի ֆինանսավորվում՝ ապահովելու համար ծրագրի աշխարհագրական լայն ծածկույթը։
Անդրադառնալով երիտասարդների մասնակցությանը պետական քաղաքականությանը՝ Մարտիրոսյանը նշեց, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը մշակվել է խիստ մասնակցային ձևաչափով՝ ավելի քան 30 հանրային քննարկումների արդյունքում։ Օրենքի մշակման գործընթացում ներգրավված են եղել ոչ միայն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, այլև հենց երիտասարդները։
«Սա օրենք է երիտասարդների համար, երիտասարդների հետ և երիտասարդների կողմից մշակված»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ երիտասարդական կենտրոնները պետք է ծառայեն որպես հարթակ նաև այլ ոլորտային ռազմավարությունների քննարկման համար։
2025 թվականին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, ըստ Մարտիրոսյանի, ոլորտի առաջին հիմնարար իրավական փաստաթուղթն է, որով հստակեցվում է պետության քաղաքականությունը՝ նպատակ ունենալով ձևավորել նախաձեռնող և կարողունակ երիտասարդ, որը իր ապագան կապում է Հայաստանի հետ։ Օրենքով նաև ամրագրվում է տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունը՝ ստեղծել երիտասարդական կենտրոններ կամ աջակցել դրանց ստեղծմանը։

Անդրադառնալով միջազգային ծրագրերին՝ փոխնախարարը նշել է, որ Կապանը ճանաչվել է ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ Այդ կապակցությամբ Սյունիքի մարզում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ՝ երիտասարդական, մշակութային և մարզական ուղղություններով, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի անցկացում։
Երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագրի շրջանակում պետությունը սուբսիդավորում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը՝ մարզերում մինչև 4 տոկոս, Երևանում՝ մինչև 2 տոկոս։ Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագիրն արդեն ունի հազարավոր շահառուներ և երիտասարդական քաղաքականության ամենաարդյունավետ սոցիալական ծրագրերից մեկն է, քանի որ նպաստում է երիտասարդների բնակարանային խնդիրների լուծմանը և Հայաստանում մնալու որոշմանը։
Սփյուռքի հետ համագործակցության մասով փոխնախարարը նշեց, որ 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի բուհեր է ընդունվել շուրջ 2018 օտարերկրյա դիմորդ, որոնցից 743-ը՝ սփյուռքահայեր։ Նա նշեց, որ այս թվերի շրջանակներում սփյուռքի մեր հայրենակիցներին տրամադրվում է 70 անվճար տեղ Հայաստանում հայագիտական մասնագիտություններ սովորելու համար:
Մարտիրոսյանը նշեց նաև, որ գործում է օտարերկրյա դիմորդների ընդունելության նոր էլեկտրոնային հարթակ, որն ապահովում է գործընթացի թափանցիկությունն ու պարզեցումը։
«Բացի այդ, Հայաստանը ակտիվորեն զարգացնում է միջպետական կրթաթոշակային ծրագրերը Իրանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և մի շարք այլ երկրների հետ։ 2025 թվականին միջպետական ծրագրերով 75 օտարերկրյա ուսանող է ընդունվել հայկական բուհեր, իսկ Հայաստանից 208 երիտասարդ ուսանել է արտերկրում»,- նշեց նախարարի տեղակալը:
Արթուր Մարտիրոսյանը կարևորեց նաև սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների դերը՝ նշելով, որ դրանց միջոցով զարգանում է հայերենի, հայկական մշակույթի և Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը։ Վերջերս Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է նոր հայագիտական կենտրոն, որտեղ կազմակերպվել է Հայագիտական երկրորդ միջազգային կոնգրեսը։
Զրույցի ավարտին փոխնախարարը ուղերձ հղեց Հայաստանի և սփյուռքի երիտասարդներին՝ կոչ անելով լինել ավելի ակտիվ և մասնակցել հանրային ու պետական կյանքին։
«Մեր երիտասարդները պետք է հավատան իրենց ուժերին և չվախենան մասնակցությունից։ Հայաստանում կան բազմաթիվ հարթակներ կարծիք արտահայտելու և առաջարկներ ներկայացնելու համար։ Պետք է պարզապես ցանկություն և համարձակություն ունենալ՝ դառնալու փոփոխությունների իրական մասնակից»,- ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը։
