Թբիլիսիում կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք գրքերի շնորհանդեսը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում դեկտեմբերի 11-ին կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք՝ «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» և «Թումանյան լուսեղեն» գրքերի շնորհանդեսը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունից։

«2019 թվականին լրացավ հայ մեծ բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտաս Վարդապետի 150-ամյակները: Միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում:

Հովհաննես Թումանյանն ապրել և ստեղծագործել է Թբիլիսիում: Նրա աճյունը հուղարկավորված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Հայ գրական, հասարակական անդաստանում Հովհաննես Թումանյանի անունն անխզելիորեն կապված է Վրաստանի ու վրացիների հետ: Վրաստանում Հովհաննես Թումանյանը մեծ ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն: Նրան ուսումնասիրում են դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանում են, երգում:

Վիրահայոց թեմը, համագործակցելով Վրաստանի և ՀՀ պետական և հասարակական հաստատությունների հետ, 2019 թվականին իրագործեց Մեծն Թումանյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ մայրաքաղաք Թբիլիսիում և տարածաշրջաններում: Հոբելյանական միջոցառումների ավարտ կդառնա Հովհաննես Թումանյանին նվիրված երեք գրքերի շնորհանդեսը, որը տեղի կունենա Վրաստանի Մշակույթի նախարարության հանդիսությունների սրահում: Այդ գրքերն են «Տասը հեքիաթ» ժողովածուն՝ հայերեն և վրացերեն, «Թումանյան-150» ժողովածուն՝ հայերեն և վրացերեն և «Հովհաննես լուսեղեն» գիրքը՝ վրացերեն:

«Տասը հեքիաթ» ժողովածուում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի այն չորս հեքիաթները, որոնք թարգմանվել են վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլիի կողմից, ավելացված ևս վեց հեքիաթ, որոնց թարգմանությունն իրականացրել է բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը: Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնը աջակցել է նկարազարդման աշխատանքներին: Նկարազարդումներն իրականացրել են Իվանե Կեզուան և Շորենա Չաչանիձեն:Վրաստանում իրականացվող աշխատանքները համակարգել է Թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը: Հովհաննես Թումանյանի «Տասը հեքիաթ» ժողովածուում վրացերեն գրքի հեքիաթների թարգմանության, հրատարակության և տպագրության աշխատանքները նախաձեռնել և իրականացրել է Երևանի Թումանյանի թանգարանը:

«Թումանյան-150» ժողովածուի հրատարակությունն իրականացվել է Վրաստանի Մշակույթի նախարարության «Բազմազգ Վրաստան» ծրագրի շրջանակներում, Վիրահայոց թեմի և Վրաստանի գրողների միության «Թումանյան-150» նոր թարգմանությունների գրքի կազմման և տպագրության նախագծով, որի հեղինակներն են Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, խորհրդատու՝ Երևանի Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյան: Գրքում զետեղված են Թումանյանի չթարգմանված քառյակները, ավելի վաղ թարգմանված մի քանի բանաստեղծություններ և նամակներ: Ժողովածուի առաջաբանը գրել է հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բոնդո Արվելաձեն:

«Թումանյան լուսեղեն» գրքում տեղ են գտել Հովհ. Թումանյանի՝ Վրաստանին և վրաց բարեկամներին նվիրված բանաստեղծությունները, հոդվածները և նամակները, ինչպես նաև վրացի բարեկամների՝ Թումանյանին ուղղված նամակները, բանաստեղծությունները, գնահատականները: Գիրքը կազմել է վրացագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Բայրամյանը: Գիրքը տպագրվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության, Վիրահայոց թեմի և անհատ բարերար Սերգեյ Սիմոնյանի ծախսերով: Տպագրության և հրատարակության աշխատանքները կազմել և համակարգել են Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում