Պաշտոնական

ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կառուցողական մթնոլորտում ստեղծված համագործակցությունը՝ նշելով ծրագրերի շրջանակներում փորձագիտական ներուժի կիրառման կարևորությունը Հայաստանի ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին։ ԱՄՆ աջակցության այս տարվա 40% ավելացմամբ՝ մենք պատրաստ ենք օգնել այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում են բարեփոխումների մասով Հայաստանի կառավարության սահմանած առաջնահերթություններից»։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում ակնկալվող բարեփոխումները, անդրադարձել առկա խնդիրներին և նյութատեխնիկական հագեցվածության հետ մեկտեղ գաղափարական բարեփոխումների անհրաժեշտությանը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում