Գրականագետ Ավետիք Իսահակյանի հոբելյանը նշվեց գրական հանդիսությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ, գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 28-ին Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում հանդիսություն անցկացվեց:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը մեջ բերեց Հենրիկ Էդոյանի խոսքերն այն մասին, որ ոչ միայն Ավիկ Իսահակյանի բախտն է բերել, որ վարպետի թոռն է, այլև վարպետի բախտն է բերել, որ նման թոռ ունի: «Ավիկ Իսահակյանը համակարգված զբաղվում է պապի` Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների ուսումնասիրմամբ, բնագրերի հրատարակմամբ՝ հայ դասական գրողների երկերի ակադեմիական հրատարակությունների շրջանակում: Ավիկ Իսահակյանի հիմնական գրքերը վերաբերում են մեր մեծ գրողին, բայց վարպետի գործերն այնքան տարողունակ են, որ գրել նրա մասին, նշանակում է գրել 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի մեր ընդհանուր գրական շարժման, հայ ժողովրդի ազատագրական իղձերի մասին»,-շեշտեց Դևրիկյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծեց, որ Ավիկ Իսահակյանը երկար տարիների գրական, հասարակական գործունեության ընթացքում մշտապես երևացող, պայծառ դեմք է եղել` հատկապես իսահակյանագիտության խորքերը մեկնաբանելով, վերլուծելով, ներկայացնելով: «Ավիկն ամեն տարի նոր գրքեր է հրատարակում ու տարածում դրանք»,-ասաց Միլիտոնյանն ու Գրողների միության անունից գրական վաստակի համար մեդալ շնորհեց Ավիկ Իսահակյանին:

Խոսելով իր կատարած ծավալուն և կարևոր աշխատանքի մասին՝ Ավետիք Իսահակյանը շեշտեց, որ նշանակալի է այն հանգամանքը, որ Իսահակյանի ակադեմիական 14 հատորից յոթ հատոր արդեն տպագրել են և սկսել են նրա գիտական լիակատար ժողովածուի հրատարակումը:

«Վերջին քսան տարվա ընթացքում 25 գիրք եմ տպագրել Իսահակյանից: Ինքս յոթ մենագրության հեղինակ եմ: Հիմա նաև արձակ, էսսեներ եմ գրում` անդրադառնալով մեր պատմությանը, ներկային, նշանավոր մարդկանց»,-պատմեց հոբելյարը:

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 27-ին մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ընտանիքում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ասպիրանտուրան՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես բնագրագիտության բաժնի վարիչ։ 2008-2015 թթ. եղել է նույն ինստիտուտի տնօրենը։ Դասավանդել է ԵՊՀ-ում, «Հրաչյա Աճառյան» համալսարանում, եղել է Հայաստանի գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրեն։ 1973 թվականից Ավետիք Իսահակյանի երկերի ժողովածուները լույս են տեսել նրա աշխատասիրությամբ։ Հեղինակ է նաև բազմաթիվ գրականագիտական ուսումնասիրությունների, որոնք տպագրվել են Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում, Դամասկոսում, Բեյրութում, Վենետիկում, Փարիզում, Լոս Անջելեսում։ Մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր գիտաժողովների։ Դասախոսությունների շարքով հանդես է եկել Սորբոնի և Լոս Անջելեսի UCLA-ի համալսարաններում։ 2000-ից ղեկավարում է Ավ. Իսահակյանի երկերի լիակատար ակադեմիական հրատարակության գիտական խումբը։ Տասից ավելի գրքերի և մենագրությունների հեղինակ է։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում