Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ է արել գործընկերներին հետևելով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150 բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Այս բանաձեւը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են աղավաղել: Այդ վարչակազմերը, թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատական, գլուխներն ավազի մեջ են թաքցրել, ի հեճուկս այն բանի, որ հենց Միացյալ Նահանգների դիվանագետներն են սարսափելի իրողության ականատես եղել»,-ասել է Մենենդեսը:

1915-1916 թվականներին Պետքարտուղարությանն ուղղված իրենց պաշտոնական հաղորդագրություններում Թուրքիայում աշխատող ԱՄՆ-ի դիվանագետները նկարագրել են «Թուրքիայի իշխանությունների կողմից ամիսներ առաջ նախագծված եւ մանրամասն իրականացված հայերի ծրագրավորված բնաջնջումը», թուրք իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունները եւ կանխամտածված սպանությունները: Սենատորը մեջբերեց նաեւ 1913-1916 թվականներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուին, ով տեսած վայրագությունների տպավորության տակ գրել էր. «Վստահ եմ, որ մարդկության տեսակի ամբողջ պատմությունը չի տեսել նման սարսափելի դրվագ: Անցյալի լայնածավալ սպանությունները եւ հետապնդումները 1915 թվականի հայ ազգի տառապանքների համեմատությամբ թվում են գրեթե աննշան»:

Մենենդեսի խոսքով, ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից թողած Հայոց ցեղասպանության փաստացի ապացույցը Միացյալ Նահանգների դիվանագիտության պատմության առավել հպարտ պահերից է: Աշխարհում 27 երկիր արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դրանցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են եւ ոչ մեկի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն խզվել այդ պատճառով»,-նշել է նա:

Աջակցություն հայտնելով Մենենդեզի նախաձեռնությանը, ազդեցիկ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հիշեցրել է, հենց «ցեղասպանություն» եզրը մշակելով, Ռաֆայել Լեմկինը օգտագործել է Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման օրինակը:

«Որպես Ամերիկա, մենք երբեք չպետք է լռենք վայրագություններին ի պատասխան: Ավելի քան 100 տարի առաջ աշխարհը լռում էր, երբ հայերը տառապում էին եւ համակարգված կերպով սպանվում: Մեր բարոյական պարտքն է ճանաչել այն, ինչ պատահել է 1,5 մլն անմեղ հոգիների հետ: Դա է ճիշտ արարքը»,-նշել է նա:

Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահողը, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը: Այդ իրավունքից օգտվեց Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դեւիդ Փերդյուն, ում կարծիքով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը: Ռոբերտ Մենենդեսն ի պատասխան հայտնել է, որ գիտակցում է՝ օրենսդրի աշխատանքը բանակցություններ եւ պայմանավորվածություններ է նախատեսում: Ուստի, սենատորը պաշտոնապես հայտարարեց, երբ բանաձեւի դեմ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնն այս կամ այն օրինագծի օգտին, ապա պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հարցում:

«Ես շարունակելու եմ բարձրացնել այս հարցը Սենատում: Կարծում եմ հայկական ծագումով ամերիկացիները, աշխարհը և պատմությունը պետք է գրանցեն, թե ով է կանգնած Ցեղասպանության ճանաչման կողմը և ով ոչ: Ես չեմ նահանջելու։ Որովհետև պատմությունն է պահանջում դա»,-հավելել է նա:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան