Մշակույթ

Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը

2 րոպեի ընթերցում

Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խտասալիկում տեղ են գտել արևմտաեվրոպական կոմպոզիտորների և Մխիթար աբբահայր Սեբաստացու «Անճառին խորան. Տաղ Աստուածածնայ» ստեղծագործությունը:

Երգիչը շնորհանդեսին կենդանի կատարմամբ կներկայացնի հինգ ստեղծագործություն երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես կգա Աննա Բակունցը (երգեհոն):

«Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորուս հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որն առաջին անգամ կհնչեցնեմ շնորհանդեսին»,-նշում է Բարրոն:

Սկավառակի՝ հայաստանյան շնորհանդեսի մուտքն ազատ է: Միջոցառմանը սպասվում են նաև անակնկալներ։

Ադամ Բարրոյի հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն, որն օրեր առաջ է թողարկվել Փարիզում, կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի երկրորդ ձայնասկավառակն է և արդեն վաճառվում է ֆրանսիական FNAC հայտնի խանութների ցանցում։ Սկավառակի նախաբանի հեղինակը Ֆրանսիայում շատերին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում